Մեկ շաբաթում թուրք-քրդական բախումներում սպանվել է 1 զինծառայող, վիրավորվել` 11-ը

Օգոստոսի 3-10-ը Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ Թուրքիայի ուժայինների գործողություններում սպանվել է 1 զինծառայող, վիրավորվել՝ 11-ը:  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Դիարբեքիրում Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ. ապրիլ 2017

Դիարբեքիրում Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ. ապրիլ 2017

Ըստ աղբյուրի՝ գործողություններում «շարքից հանվել է» PKK-ի 32 զինյալ: Ընթացիկ շաբաթվա ընթացքում գործողությունները հիմնականում իրականացվել են հարավարևելյան Շրնաք, Մարդին, Հաքքարի նահանգներում:

Վերջին շրջանում բախումներում թուրքական կողմը համեմատաբար քիչ կորուստներ է տալիս: Միևնույն ժամանակ քրդական կողմի կորուստների մասին տվյալներին պետք է վերապահումով մոտենալ, քանի որ դրանք կարող են ուռճացված լինել:

Օգոստոսի 11-ին Թուրքիայի ուժայինները PKK-ի դեմ գործողություններ են իրականացրել Ադանա նահանգում, ձերբակալվել է «քրդական կառույցի հետ կապ ունենալու համար մեղադրվող» 20 մարդ: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Նշենք, որ քուրդ զինյալների դեմ ներգրավված են ժանդարմերիայի, անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ուժերը, ինչպես նաև թուրքական բանակի ստորաբաժանումները: Ուժայինների գործողություններին հաճախ ներգրավվում են ուղղաթիռներ, կործանիչներ և տեղական արտադրության հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ:

Թուրք-քրդական բախումները վերսկսել են 2015-ի ամռանից: Արդեն 2 տարի շարունակվող բախումների արդյունքում Թուրքիայի արևելյան և հարավարևելյան մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել: Ամենաշատ վնասներ կրած նահանգներ են Շրնաքը, Դիարբեքիրը, Հաքքարին, Մարդինը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *