Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունը Կատարում գրասենյակ է բացելու

Օգոստոսի 8-ին Թուրքական «Հավելսան» (Havelsan) ռազմարդյունաբերական ընկերության փոխտնօրեն Մեհմեթ Աքիֆ Նաջարը հայտարարել է, որ ընկերությունը գրասենյակ է բացելու Կատարի մայրաքաղաք Դոհայում: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

«Հավելսան» ընկերության արտադրած վարժասարքը Կատարի ԶՈւ AW139 ուղղաթիռի համար

«Հավելսան» ընկերության արտադրած վարժասարքը Կատարի ԶՈւ AW139 ուղղաթիռի համար

Գրասենյակի բացման նպատակը երկու երկրների ռազմական համագործակցության ընդլայնումն է և Դոհայում ընկերության նախագծերին հետևելը:

Ընկերության փոխտնօրենը նաև հայտարարել է, որ 2013-ից սկսած Կատարի հետ մի շարք ոլորտներում են համագործակցում, այդ թվում նաև կիբեռանվտանգության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կառավարման և վերահսկման համակարգերի, կրթության, վարժասարքերի տեխնոլոգիաների ոլորտներում:

2017-ի հունվարին հայտնի էր դարձել, որ «Հավելսան» ընկերությունը Կատարի ռազմաօդային ուժերի AgustaWestland AW139  բազմանպատակային ուղղաթիռի համար վարժասարք է արտադրել, որն արդեն մատակարարվել է Կատարին:

Թուրքիան և Կատարը ռազմական ոլորտում սկսել են ակտիվորեն համագործակցել դեռևս 2014-ից, երբ Կատարի Էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում ստորագրել էին ռազմական համագործակցության մի շարք պայմանագրեր, այդ թվում նաև՝ «Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդ» հիմնելու համաձայնագիր։

2015-ին երկու երկրների միջև կնքվել է ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության և Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին պայմանագիր: Իսկ 2016-ին Կատարի և Թուրքիայի կառավարությունները կնքել են Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ իրականացման համաձայնագիրը» (implementation agreement): 2017-ի հունիսին այս համաձայնագիրը վավերացրել են Թուրքիայի խորհրդարանը և նախագահը:

Այդ համաձայնագրի վավերացումից անմիջապես հետո Թուրքիան սկսել է զորքեր և զինտեխնիկա ուղարկել Կատարի թուրքական ռազմաբազա: Բացի այդ Թուրքիայի և Կատարի զինված ուժերը արդեն մի քանի զորավարժություն են անցկացրել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *