ԱՄՆ և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են իրավիճակը Սիրիայում և Իրաքում

Օգոստոսի 8-ին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և ԱՄՆ բանակի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հեռախոսով քննարկել են Սիրիայում և Իրաքում ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնել է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալության կայքը:

Բաքվում հանդիպել են Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի և ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ գեներալ Ջո Դանֆորդի գլխավորած պատվիրակությունները

Բաքվում հանդիպել են Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի և ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ գեներալ Ջո Դանֆորդի գլխավորած պատվիրակությունները. (Արխիվ)

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են Սիրիայում և Իրաքում ահաբեկչության դեմ պայքարում հետագա քայլերը, Սիրիայի հարավ-արևմուտքում գործող ապաէսկալացման գոտիներում տիրող իրավիճակը:

Պենտագոնից հայտնել են, որ վերջին ամիսներին ԱՄՆ և ՌԴ ԶՈւ ԳՇ պետերը մի քանի անգամ են նման հեռախոսազրույցներ ունեցել, սակայն պայմանավորվել են չհանրայնացնել քննարկումները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ օգոստոսի 6-ին, սիրիական ճգնաժամին վերաբերող հարցեր քննարկել էին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին:

Հավելենք, որ սիրիայում ապաէսկալացման գոտիներ սահմանվել են Աստանայում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախաձեռնությամբ անցկացվող բանակցությունների արդյունքում: Օգոստոսի 8-9-ին այդ երկրների ղեկավարությամբ ևս մեկ քննարկում անցկացվում է արդեն Թեհրանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *