ԱՄՆ Սիրիայի քրդերին է փոխանցել զենք-զինամթերքի հերթական խմբաքանակը

Թուրքական կողմի պնդմամբ՝ ԱՄՆ-ն զենք-զինամթերքի հերթական խմբաքանակն է մատակարարել Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ կռվող Սիրիայի քրդական ուժերին:

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Օգոստոսի 8-ի գիշերը զրահապատ մեքենաների ուղեկցությամբ զենք-զինամթերքով բեռնված շուրջ 112 բեռնատար Իրաքից անցել է Սիրիա և շարժվել դեպի հյուսիսային Ռաքքա շրջանը, որ քրդական ուժերի վերահսկողության տակ է։

Ամերիկյան տեխնիկան տեղափոխվում Սիրիա

Ամերիկյան Humvee (HMMWV) զրահապատ մեքենաներ

Նշվում է, որ վերջին շրջանում զինամթերքով բեռնված ամերիկյան շարասյունները Սիրիայի տարածքում շարժվում են հիմնականում գիշերը:

Ավելի վաղ նույն «Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ հուլիսի 30-ին Միացյալ Նահանգները 100 բեռնատարով զենք-զինամթերք է մատակարարել ԻՊ դեմ պայքարող քուրդ-արաբական ուժերին։

Թուրքական մեկ այլ՝ «Թաքվիմ» լրատվականն էլ նշել էր, որ քրդական ուժերին մատակարարվել են նաև տանկեր: ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 3-ին հերքել է տանկերի մատակարարումը, սակայն հաստատել է այլ զենքերի տրամադրումը Սիրիայի քուրդ-արաբական կոալիցիայի ուժերին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ԻՊ-ից Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրման շրջանակներում աջակցում է քրդական ուժերին: Մատակարարվող սպառազինությունից զատ ԱՄՆ-ն նաև ավիահարվածներ և հրետանային հարվածներ է հասցնում Ռաքքայում ԻՊ դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *