Կմիավորվեն «65 Ռազմական գործարանը» և «Գառնի-Լեռ» ընկերությունը. նախագիծ

ՀՀ կառավարության օգոստոսի 10-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Գառնի-Լեռ» և «65 Ռազմական գործարանի» ընկերությունների միավորման մասին որոշման նախագիծը, որով «65 Ռազմական գործարանի» աշխատանքը կդադարեցվի և վերակազմակերպվի «Գառնի-Լեռ» ընկերության հետ միացման շրջանակներում:

Նշվում է, որ «Գառնի լեռ ԳԱՄ» (98,4% պետական բաժնեմաս) ընկերության պետական բաժնեմասը կառավարում է ՀՀ ՊՆ-ն: Ընկերությունը հիմնականում զբաղվում է հրաձգային զենքերի փողերի (5,45մմ և 7.62 մմ տրամաչափի) արտադրությամբ, հրաձգային զենքերի հիմնական նորոգմամբ, այդ թվում փողերի նախագծմամբ, արտադրությամբ և փոխարինմամբ, նոր տեսակի զենքերի մշակմամբ:

«65 Ռազմական գործարանը» 100 % պետական մասնակցությամբ ընկերություն է, որը կառավարում է ՀՀ ՊՆ-ն: Ընկերությունը հիմնականում զբաղվում է հրաձգային զենքի, հրետանու առանձին համակարգերի նորոգմամբ և զորքերում տեխնիկական սպասարկման աշխատանքներով, ավիացիոն խոցման միջոցների արտադրությամբ:

Հիմնավորման մեջ ասվում է, որ «Գառնի-Լեռ» ընկերությունում գործում է Հայաստանում միակ հրաձգային զենքի փողերի արտադրության տեղամասը, որի միջոցով իրականացվում են ՀՀ ՊՆ-ի պատվերները: Իսկ 65 ռազմական գործարանն ունի ավելի մեծ տարածք և հզորություն:

Ըստ այդմ՝ առաջարկվում է միացնել ընկերությունները, ինչն էլ թույլ կտա ապահովել ընկերության անընդհատ կայուն գործունեությունը, ինչպես նաև պահպանել արտադրական և զորահավաքային հզորությունները և կազմակերպել թեթև սպառինության մշակումներ, արտադրություն և նորոգումներ:

Միավորման արդյունքում Հայաստանի պաշտպանության նախարարությունը դառնում է «Գառնի-Լեռ» ընկերության 100 % սեփականատեր: Սա թույլ կտա ընկերությունը ներգրավվել ռազմարդյունաբերական զարգացման պետական ծրագրերում, ըստ որի՝ ներդրումները նախատեսվում է իրականացնել առաջնահերթ 100 % պետական ձեռնարկություններում, նաև ընկերությանը վերաբերող հարցերով առավել հստակ մասնակցել միջազգային պայմանագրերի շրջանակներում համատեղ ձեռնարկությունների ստեղծման գործընթացներում:

Նշվում է, որ որոշմամբ առաջ եկած ծախսերը կկատարվեն «Գառնի-Լեռ» բաց բաժնե­տիրական ընկերության միջոցների հաշվին: Որոշման ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում նախատեսվում է իրականացնել անհրաժեշտ ընթացակարգերը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հունիսի 15-ի նիստի ընթացքում հավանության էր արժանացրել ՊՆ-ի ներկայացրած «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը»: Ծրագրի կետերից մեկով նախատեսվում էր միավորվել «65 Ռազմական գործարան» ՓԲ, «Գառնի լեռ ԳԱՄ» ԲԲ, «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲ ընկերությունները:

«Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում» ընկերությունը 2012 թվականից առ այսօր կատարել է զենքի արտադրության 1 մլդր 496 մլն 161 հազար դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանք­ներ:

Ավելի վաղ Ռազմինֆոյին ՀՀ ՊՆ ՌԱՊԿ նախագահի օգնական Ավետիք Քերոբյանը հայտնել էր, որ Հայաստանի ռազմարդյունաբերական պետական կոմիտեի կողմից մշակվում է ռազմարդյունաբերական զարգացման ծրագիր, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *