Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հերքել է քրդերին տանկ տարամադրելու մասին լուրը

Օգոստոսի 3-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հերքել է թուրքական «Թաքվիմ» պարբերականի այն հրապարակումը, որում նշվում է, թե իբր հուլիսին ԱՄՆ-ն Սիրիայի քրդերին տանկ է տրամադրել:

Միաժամանակ ամերիկյան կողմի հայտարարությամբ հաստատել է այլ զենքերի տրամադրումը Սիրիայի քուրդ-արաբական կոալիցիայի ուժերին, ինչը նույնպես հիշատակվում էր թուրքական լրատվամիջոցի հրապարակման մեջ:

ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում նշվում է.

«Այդ զենքերի էլ ավելի փոքր տոկոսը սահմանափակվում է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քուրդ տարրերին տրվող զենքերով, և դրանք էլ հատուկ գործողության համար են. Միայն այն նպատակների համար, որոնք բոլորս ընդունում ենք՝ Ռաքքան գրավելու և «Իսլամական պետությունը» ոչնչացնելու համար:

Մենք շարունակում ենք Թուրքիայի կառավարությանը տրամադրել թափանցիկ տեղեկություններ՝ YPG-ին տրվող զենքերի բնույթի հետ կապված»:

ԱՄՆ դեսապանատունը պնդում է, որ բեռնատարները միայն զենք չէ, որ տեղափոխում են, այլև սնունդ, հագուստ, դեղամիջոցներ, այլ պարագաներ: Միացյալ Նահանգների դեսպանատունը նաև նշել է, որ զենքի հիմնական մասը տրամադրվում է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) արաբական խմբերին:

Ամերիկյան տեխնիկան տեղափոխվում Սիրիա

Ամերիկյան Humvee (HMMWV) զրահապատ մեքենաները տեղափոխվում են Սիրիա

Արաբագետ Արմեն Պետրոսյանը Razm.info-ին տված հարցազրույցում հաստատեց, որ «Իսլամական պետության» դեմ կոալիցիայում և՛ արաբներ, և՛ քրդեր են, սակայն հարաբերակցությունն այնպիսին չէ, ինչպես նշում է ԱՄՆ դեսպանատունը:

«Արաբական ուժերի դերակատարությունն այս «Սիրիական ժողովրդական ուժեր» կոչվող կառույցում շատ փոքր է: Հիմնական շարժիչ ուժը և հիմնական կռվող ուժը Սիրիայի քրդերն են, բայց նաև միանշանակ պետք է փաստել, որ այս կառույցները բավականաչափ վերահսկելի են Միացյալ նահանգների այսօրվա վարչակարգի համար»:

Վերջերս թուրքական պաշտոնյաներն իրենց հայտարարություններում չեն բացառում Սիրիայի քրդերի դեմ հնարավոր գործողությունները: Նման տեղեկություններ հայտնվում են նաև թուրքական մամուլում:

Բացի այդ, վերջերս քրդական մամուլը պնդում էր, որ թուրքական զինուժը մտել է Սիրիայի Քոբանիի շրջան: Անդրադառնալով Սիրիայում թուրք-քրդական բախումների հնարավորությանը՝ արաբագետ Արմեն Պետրոսյանը նշեց, որ Թուրքիան պատրաստվում է երկրորդ գործողության:

«Եթե գործընթացները կամ զարգացումները ընթանան Սիրիայի հյուսիսում, բնականաբար չի կարելի բացառել, որ Միացյալ նահանգների տրամադրած զենքը, սպառազինությունը կարող են օգտագործել նաև թուրքական զինված ուժերի կամ առնվազն նրանց հովանավորյալ սիրիական տարաբնույթ ընդդիմադիր կառույցների դեմ, քանի որ, ըստ էության, արդեն թուրքական իշխանությունների այս նախապատրաստելիք օպերացիայի միակ թիրախը քրդական YPG-ն է»:

Միացյալ Նահանգների ներկայացուցիչները պարբերաբար նշում են, որ քրդերի հետ իրենց համագորածակցությունը ժամանակավոր է և ուղղված է «Իսլամական պետության» դեմ պայքարին: Այստեղ հարց է ծագում, թե արդյո՞ք իսլամիստների դեմ հաղթանակից հետո ևս ԱՄՆ-ն կդաշնակցի քրդական ուժերի հետ, և եթե ոչ, ապա դա ինչպես կանդրադառնա նրանց վրա:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը նշում է, որ այստեղ պետք չէ անտեսել քրդերի գործոնը: Նա նշում է, որ քրդական կառույցները բավական կազմակերպված են և թույլ չեն տա, որ այլ դերակատարներն իրենց օգտագործեն և լքեն: Ըստ արաբագետի՝ ԱՄՆ-ն կարող է վերահսկել քրդերին, սական ամեն բան կախված է նրանից, թե ինչպիսի դիրքորոշում կունենա Թուրքիան: Թուրքական կողմը կա՛մ կարող է հավատալ Միացյալ Նահանգների խոստումներին, կա՛մ կփորձի սեփական միջոցներով լուծել խնդիրը:

«… վերջին տարբերակի դեպքում բնականաբար գործընթացները շատ ավելի անկանխատեսելի բնույթ կստանան, և իսլամական ծայրահեղականների ժամանակշրջանի ավարտից հետո մենք կտեսնենք քրդական գործոնի ակտիվացումը և դրանով պայմանավորված, Սիրիայում նոր ապակայունացման օջախների առաջացումը»:

Սիրիայի քուրդ-արաբական ուժերը ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ 2017 թ․ հունիսից սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կենտրոն Ռաքքա քաղաքի ազատագրման գործողությունը։ Ներկայում իսլամիստները օղակված են քաղաքի կենտրոնական հատվածներում, սակայն մարտերը դեռ երկար կարող են ձգձգվել:

Ռաքքայի ազատագրման գործողությունների ընթացքում ամերիկյան կողմը, չնայած Թուրքիայի դժգոհությանը, պարբերաբար զենք-զինամթերք է մատակարարում քուրդ-արաբական ուժերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *