Սիրիայում ստեղծվում է 3-րդ «ապաէսկալացման կամ ոչ բախումային գոտին»

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները և Սիրիայի ընդդիմադիր ուժերը հուլիսի 31-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում համաձայնության են հասել 3-րդ «ապաէսկալացման կամ ոչ բախումային գոտու» ստեղծման վերաբերյալ: Այս մասին օգոստոսի 3-ին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոտսի» գործակալությունը:

Սիրիայի Հոմս քաղաքը՝ մարտերից հետո

Սիրիայի Հոմս քաղաքը՝ մարտերից հետո

Երրորդ «ապաէսկալացման կամ ոչ բախումային գոտին» ստեղծվելու է Հոմս նահանգում՝ Հոմս քաղաքի հյուսիսում: Այդ գոտու մեջ ընդգրկված են լինելու 84 բնակավայր՝ 147 հազար բնակչությամբ: «Ապաէսկալացման գոտում» հրադադար է հաստատվելու, որը չի տարածվելու «Իսլամական պետություն» և «Ան-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների վրա:

Զինված ընդդիմադիր ուժերը Հոմս նահանգից ԻՊ և «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման զինյալներին դուրս մղելու պարտավորությունը վերցրել են իրենց վրա:

Սիրիայի կառավարական բանակի և զինյալ ընդդիմադիր խմբերի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում Հոմսում հրադադար է հաստատվել օգոստոսի 3-ից:

Իգոր Կոնաշենկովը նաև հայտարարել է, որ «ոչ բախումային գոտում» ստեղծվելու է ՌԴ ռազմական ոստիկանության 4 անցակետ և 3 դիտակետ:

Նշենք, որ օգոստոսի կեսերին կամ վերջին նախատեսվում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացնել Սիրիայի ճգնաժամի լուծման համար բանակցությունների 6-րդ փուլը: Մինչև այժմ Աստանայում անցկացվել է բանակցությունների 5 փուլ՝ 2017 թ. հունվարին, փետրվարին, մարտին, մայիսին և հուլիսին:

Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության են հասել Սիրիայում հրադադարի պահպանման համար օպերատիվ խմբի ստեղծման և 4 «ոչ բախումային գոտի» ստեղծելու վերաբերյալ:

Սիրիայի «անվտանգության գոտիների» մոտավոր սահմանները («ապաէսկալացման գոտիներ»)

Սիրիայի «անվտանգության գոտիների» մոտավոր սահմանները («ապաէսկալացման գոտիներ»)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *