ՀՀ ԶՈւ Ս-300 համակարգի անձնակազմերը կմասնակցեն ԱՊՀ ՀՕՊ համատեղ զորավարժությանը

Օգոստոսի 29-ին ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները Ռուսաստանի ԶՈւ «Աշուլուկ» զորավարժարանում կմասնակցեն ԱՊՀ ՀՕՊ միացյալ ուժերի «Մարտական համագործակցություն-2017» զորավարժությանը: Ներկայում ՀՀ ԶՈւ զինծառայողները պատրաստվում են ՀՕՊ վարժանքներին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը:

Զորավարժությանը ներգրավված են Ս-300 զենիթահրթիռային համակարգեր:

Զորավարժությանը մասնակցում են նաև Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի հակաօդայինները:

ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը հայտնել է, որ մինչև «Աշուլուկ» մեկնելը հայկական անձնակազմերը Ռուսաստանի համապատասխան վերապատրաստման կենտրոնում դասընթացներ կանցնեն, կհավաքեն, այսպես կոչված, զորավարժարանային թույլտվության բալերը:

Գնդապետ Պողոսյանի խոսքով՝ վարժանքների ընթացքում մասնակիցներին իրական մարտական գործողություններին առավելագույնս մոտեցված բավականին բարդ օդային իրադրություններ են առաջադրվում:

«Արդեն ավանդաբար այս զորավարժություններին մասնակցում են ԱՊՀ երկրների, հատկապես` ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների պաշտպանության նախարարները, այդ թվում նաև՝ ՀՀ պաշտպանության նախարարը: Չնայած, որ Ադրբեջանի ՀՕՊ–ը չի մասնակցում զորավարժությանը, բայց հակառակորդ երկրի պաշտպանության նախարարը, ՊՆ ներկայացուցիչները միշտ ներկա են լինում, կարծում եմ` ավելի շուտ տեսնելու և գնահատելու համար, թե ինչպես են գործում ՀՀ ՀՕՊ հաշվարկները», — հայտնել է ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետի տեղակալը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *