ԱՄՆ-ն վերանայում է օտարերկրացիներին զինծառայության ընդունելը. Fox News

Միացյալ Նահանգները անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դադարեցրել է պաշտպանության նախարարության MAVNI  ծրագրի դիմումների ընդունումը, որոնցով օտարերկրացիները արագացված կարգով քաղաքացիություն են ստանում և ծառայում երկրի զինված ուժերում: Այս մասին հայտնում է ամերիկյան Fox News լրատվակայքը:

Նշվում է, որ ծրագիրը վերանայվում է, այս պահին այն շարունակում է գործել, միայն թե դադարեցվել է նոր դիմումների ընդունումները:

Ծրագիրը գործում է 2009 թվականից: Մինչ այս ծրագրից օգտվել է 10 հազար մարդ: Ծրագիրը մի շարք խնդիրներ է ստեղծում, այդ թվում նաև՝ կարգապահական։ Նշվում է, որ վտանգ կա նաև, որ ծառայության հնարավորություն ստացողների թվում կլինեն «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումների համակիրներ, թեև այդպիսի դեպք դեռևս չի բացահայտվել։

Նշենք, որ Հայաստանը նույնպես հնարավարություն է տալիս օտարերկրացիներին ծառայելու զինված ուժերում  և հեշտացված կարգով քաղաքացիություն է տալիս նրանց։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հուլիսի 28-ին՝ ասուլիսի ժամանակ։ Նա նաև նշել է, որ «քաղաքացիության համար մարդիկ հաճախ դիմում են 27-ից հետո»՝ նկատի ունենալով, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար երիտասարդները դիմում են այն ժամանակ, երբ արդեն լրացած է լինում պարտադիր զինծառայության անցնելու նրանց տարիքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *