Աֆղանստանում ԻՊ ահաբեկիչները գրոհել են Իրաքի դեսպանատունը

Այսօր՝ հուլիսի 31-ին, Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում առավոտյան 4 մահապարտ հարձակվել է Իրաքի դեսպանատան վրա, զինյալներից մեկն ինքն իրեն պայթեցրել է մուտքի մոտ և ճանապարհ է բացել մյուսների համար։ Այս մասին հայտնում է Աֆղանստանի ներքին գործերի նախարարության կայքը։

Պայթունի համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, փոխանցում է Reuters գործակալությունը։

Աֆղանստանում Իրաքի դեսպանատան մոտ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն

Աֆղանստանում Իրաքի դեսպանատան մոտ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն

Ավելի ուշ ևս մեկ պայթուն է եղել։ Այս անգամ, աֆղանական ToloNews հեռուստաալիքի կայքի հաղորդմամբ, պայթունը եղել է դեսպանատան հարևանությամբ գտնվող թաղամասում։

Աֆղանստանի անվտանգության ուժերը գործողություններ են իրականացնում դեպքի վայրում։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Մինչ այս՝ մեկ շաբաթ առաջ, «Թալիբան» զինված խմբավորման ինքնասպան ահաբեկիչը Քաբուլում պայթեցրել էր իր մեքենան, ինչի հետևանքով սպանվել էր ավելի քան 20 մարդ:

Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ 2009 թվականից հունվարի 1-ից մինչև 2017-ի հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում Աֆղանստանում զինված հակամարտությունը խլել է ավելի քան 26 հազար 512 մարդու կյանք,  վիրավորվել է 48 հազար 931 քաղաքացիական:

Նշենք, որ վերջերս իննամսյա մարտերից հետո Իրաքի կառավարական բանակը ազատագրել էր Իրաքում ԻՊ «մայրաքաղաք» Մոսուլ քաղաքը։ Մոսուլը ահաբեկիչների ձեռքում էր 2014 թվականից, երբ ԻՊ զինյալներին հեշտությամբ հաջողվել էր Մոսուլից դուրս մղել կառավարական ուժերը և ոստիկանական զորքերը: 2014 թվականից քաղաքը լքել է շուրջ 900 հազար մարդ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *