Թուրքիայում զրահամեքենայի վթարի արդյունքում վիրավորվել է 4 զինծառայող

Հուլիսի 30-ին Թուրքիայի կենտրոնական Սվազ (Սեբաստիա) նահանգում շրջվել է ժանդարմերիայի հրամանատարության «Կոբրա» զրահամեքենա, ինչի արդյունքում վիրավորվել է ժանդարմերիայի 4 զինծառայող։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Կոբրա. Թուրքիայի ԶՈւ

Կոբրա. Թուրքիայի ԶՈւ

Դեպքը եղել է Սեբաստիայի Քոյուլհիսար գավառում։ Զրահամեքենան պատկանում է Իմրանլը գավառի ժանդարմերիայի հրամանատարությանը։ Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց։

Նշենք, որ ճգնաժամային և պատերազմական իրավիճակներում աճում են նաև զինված ուժերում վթարների, ինչպես նաև ոչ մարտական կորուստները թվաքանակը։

Թուրքիայի ուժայինները շարունակում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողությունները։ Հուլիսի 21-ից Հաքքարի, Վան, Շրնաք նահանգներում նոր գործողություններ են սկսել քուրդ զինյալների դեմ։ Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառի մի քանի գյուղերում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել։

Թուրք-քրդական բախումները արևելյան և հարավարևելյան նահանգներում վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից։ Բախումների հետևանքով ավերվել են Շրանք, Մարդին, Հաքքարի, Դիարբեքիր նահանգների մի շարք բնակավայրերի շինությունների մեծ մասը։

«Կոբրա» 4×4 ընթացամասով զրահամեքենան արտադրում է թուրքական  Otokar ընկերւթյունը: Արտադրությունը սկսվել է 1997 թվականին։ Մեքենան կարող է տեղափոխել մինչև 8 զինծառայող։ Առավելագույն արագությունը 110 կմ/ժ է, զանգվածը` 4,8 տոննա, սպառազինությունում առկա են 7,62 մմ կամ 12,7 մմ գնդացիրներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *