Ունենք խոշոր տրամաչափի կրակային միջոցներ, որ նախկինում չենք ունեցել․ ՊԲ հրամանատար

Պաշտպանության բանակը ընդլայնել է կրակային խոցման միջոցների հնարավարությունները և աշխատել է հնարավորությունները ընդլայնել հատկապես տեսադիտարկման համակարգերի ուղղությամբ։ Այս մասին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը հայտնել է «Օրակարգից դուրս» հեռուստածրագրի հետ հարցազրույցում։

Բանակի հրամանատարի խոսքով՝ այժմ հայկական զինուժը կարող է արդյունավետ կրակ վարել և՛ ցերեկային, և՛ գիշերային պայմաններում։

«Ունենք խոշոր տրամաչափի կրակային միջոցներ, որ նախկինում չենք ունեցել։ Ունենք ավելի հեռահար հակատանկային կրակային միջոցներ, որոնք նախկինում ունեցել ենք, բայց ոչ բավարար մակարդակով։ Այդ ամենի հետ մեկտեղ նաև ձեռք ենք բերել արդի տեխնոլոգիաներ պարունակող կրակային միջոցներ և հետախուզական միջոցներ», — նշել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։

ՊԲ հրամանատարի խոսքով՝ ավելացվել են ղեկավարման հնարավորությունները, այն ընդգրկվել է ընդհանուր համակարգի մեջ։ Լևոն Մնացակնյանը նաև նշել է, որ իրականացվել են ձեռքբերված կրակային և հետախուզական բոլոր միջոցների փորձարկումներ․

«Եվ ասեմ, որ փորձարկումների արդյունքները հուսադրող են, արդյունավետ են։ Այդ ուղղությամբ մենք քայլեր իրականացնում ենք ռազմարդյունաբերական համալիրի հետ համատեղ»։

Լևոն Մնացականյանը նշել է, որ հատկապես ուշադրություն է դարձվել վաղ հայտնաբերման միջոցների վրա, քանի որ դրանց միջոցով հնարավոր է ապահովել առաջնային գծում զինծառայողների անվտանգությունը։

«Եվ հնարավորություն ունենք արդեն նախօրոք իմանալ հակառակորդի հավանական գործողությունների մասին, կրակային դիրքերի տեղադրման մասին, և այդ բոլոր աշխատանքները համակարգված առաջ են ընթանում», — նշել է ՊԲ հրամանատարը՝ ավելացնելով, որ հիմա իրականացվում է անձնակազմի ուսուցում։

Հանրային հեռուստատեսության հաղորդման ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև․

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *