[Լրացված] Հուլիսի 28-ին հրազենի կրակոցից մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Այսօր՝ հուլիսի 28-ին, Հայաստանի զինված ուժերի՝ Տավուշի մարզի դիրքերից մեկում հրազենի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արկադի Լևոնի Ղամբարյանը: Այս մասին տեղեկությունը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Առայժմ անհայտ է՝ զինծառայողը մահացել է հակառակորդի կրակոցից, թե ոչ: Զինծառայողի մահվան այս և մյուս հանգամանքները դեռ ճշտվում են:

[Լրացում] Հուլիսի 31-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանի մահվան դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝  զինծառայողը մահացու մարմնական վնասվածքն ստացել է 2017 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի (Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը) 3-րդ մասով:
Կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *