Մեկ շաբաթում թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի 1 զինծառայող, վիրավորվել 6-ը

Հուլիսի 22-27-ը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների գործողություններում սպանվել է  1 զինծառայող, վիրավորվել ևս 6-ը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:

Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում քրդերի դեմ երկրի արևելքում և հարավ-արևելքում

Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում քրդերի դեմ երկրի արևելքում և հարավ-արևելքում

Քուրդ զինյալների դեմ գործողությունները հիմնականում իրականացվել են հարավարևելյան Շրնաք, Հաքքարի, Մարդին, Դիարբեքիր և արևելյան Բիթլիս, Աղրը նահանգներում:

Թուրքական կողմի պնդմամբ՝ գործողությունների արդյունքում «շարքից հանվել է» PKK-ի 55 զինյալ: Սակայն քրդերի կորուստների մասին տվյալներին պետք է վերապահումով մոտենալ, քանի որ թուրքական կողմը կարող է դիտմամբ ուռճացնել տվյալները:

Նշենք, որ թուրք-քրդական բախումները որոշակի դադարից հետո կրկին ինտենսիվացել են 2017-ի գարնանից, երբ Թուրքիայի ուժայինները գործողությունների նոր փուլ սկսեցին քուրդ զինյալների դեմ: Քրդերի դեմ գործողություններում ներգրավված են Թուրքիայի ժանդարմերիան, ոստիկանական ուժերը, բանակի տարբեր ստորաբաժանումներ, ինչպես նաև օդուժը:

Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում ուժայինների և PKK-ի բախումները սկսվել են դեռևս 2015-ի ամռանը և արդեն 2 տարի է, ինչ շարունակվում են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *