Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը Մեքքայի մոտ որսացել են հութիների արձակած հրթիռը

Հուլիսի 26-ին Եմենի հութիները «Բորքան-1» («Սկադի» տեղական անվանումը) հրթիռ են արձակել Սաուդյան Արաբիայի Մեքքա նահանգի Թաիֆ քաղաքում գտնվող «Ֆաիդ արքայի» ավիաբազայի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է հութիների Saba լրատվական գործակալությունը:

«Բորքան-2» հրթիռներ

«Բորքան-2» հրթիռներ

Ըստ հութիների՝ հրթիռը խոցել է թիրախը, սակայն Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ երկրի ՀՕՊ համակարգերը Մեքքա քաղաքից 69 կմ հեռավորության վրա որսացել են հրթիռը: Տեղեկացնում է արաբական Al Monitor լրատվակայքը:

Ավելի վաղ հութիները «Բորքան-2Հ» հրթիռներ էին արձակել Սաուդյան Արաբիայի Յանբու շրջանում գտնվող նավթամշակման գործարանի (Saudi Aramco Mobile Refinery (SAMREF)) ուղղությամբ։ Նավթագործարանի հրթիռակոծումը հութիները Սաուդյան Արաբիայի դեմ տարվող ռազմական գործողությունների գագաթնակետ են անվանել, որը պետք է նոր փուլ սկսի Սաուդյան Արաբիայի հետ կոնֆլիկտում։

Ավելի վաղ՝ 2017-ի մայիսին, հութիները «Բորքան-2» հրթիռ էին արձակել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի ուղղությամբ։ Սաուդյան Արաբիայի ՀՕՊ կայանները կարողացել էին որսալ հրթիռը։

Մինչ այդ ՝ մարտի 18-ին, հութիները «Բորքան-2» հրթիռով հարվածել էին մայրաքաղաք Ռիադում գտնվող «Սալման արքայի» անունը կրող ավիաբազային։ Փետրվարի 5-ին նույնպես հութիները «Բորքան» հրթիռ էին արձակել մայրաքաղաք Ռիադի արևմուտքում գտնվող Ալ-Մուզայիմյահ բնակավայրում տեղակայված ռազմաբազայի ուղղությամբ։

Ըստ հութիների՝ հրթիռը կարողացել է խոցել թիրախը։ Սակայն Սաուդյան Արաբիան հերքել էր այս տեղեկությունը։ Նախկինում հութիները նույնպես հարվածել են Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, առաջին անգամ Սաուդների ուղղությամբ «Սկադ» բալիստիկ հրթիռ արձակել են 2015-ի հունիսի 6-ին՝ թիրախավորելով Խամիս Մուշաիթում տեղակայված «Պրինս Խալեդ» ռազմաբազան:

Հրթիռը սաուդյան զինված ուժերը վնասազերծել էին Patriot զենիթահրթիռային ՀՕՊ համակարգից արձակված երկու հրթիռներով: Այնուհետև նույն թվականի հունիսի 29-ին հութիները «Սկադ» հրթիռով հարվածել են Սաուդյան թագավորության մայրաքաղաք Ռիադից 700 կմ հարավ արևմուտք գտնվող ռազմաբազային։

Եմենում «քաղաքացիական» պատերազմի նոր փուլը սկսվել է 2014-ին: Հակամարտում են շիա հութիները և երկրի սուննի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադիին աջակցող ուժերը: Շիա հութիներին օժանդակում է Իրանը, իսկ սուննիներին՝ արաբական պետությունների մեծ մասը, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *