«Միջազգային բանակային խաղերի» շրջանակում անցկացվող «Ընկերակցության զինվոր» մրցույթին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի զինված ուժերի զինծառայողները, իսկ որպես դիտորդ ներկա կգտնվեն Ուզբեկստանի ներկայացուցիչները։
Մրցույթն անցկացվելու է հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը, 5 փուլով․
- «Ատլետ»
- «Պրոֆեսիոնալ»
- «Դիպուկահար»
- «Տեր և Տիկին»
- «Էրուդիտ».
Մրցույթին զինծառայողները կմասնակցեն ԱԿ-74 ինքնաձիգով։ Զինատեսակի ընտրությունը պայմանավորված է բոլոր երկրների սպառազինություններում դրա առկայությամբ։
«Ատլետ»
Այս փուլի շրջանկաներում զինծառայողները մրցում են 2 կմ վազքում, ժամանակի մեկնարկը հաշվարկվում է վարժությունների կատարումից հետո (100 մետր վազք, տարբեր խոչընդոտների հաղթահարում, նռնակի նետում ևն)։
- Վազքով 100 մ հատվածամասի անցում
- Խոչընդոտների հաղթահարման հատվածամաս (յուրաքանչյուր չհաղթահարված արգելքի համար 2 տուգանային միավոր)
- Վազքով 50 մ հատվածամասի անցում
- 15 մ հատվածամասի հաղթահարում՝ մինչև 1 մ խորությամբ ջրային խոչընդոտ և 50 մ վազք
- 600 գրամանոց 3 միավոր նռնակի նետում և վազք 100 մ (յուրաքանչյուր շեղում 1 տուգանային միավոր)
- Սառը զենքի (հետևակային բահի և երկու դանակի) նետում դեպի թիրախը (գտնվում է 5 մետրի վրա) և 30 մ հատվածամասի վազքով անցում (յուրաքանչյուր չխոցված թիրախի համար՝ 1 տուգանային միավոր)
- 25 մ հատվածամասի մագլցում և 50 մ վազք
- Վերցնել փամփուշտների արկղը (24 կգ) և, 25 մետր անցնելով, դնել այն հատուկ հրապարակում
- Վազքով անցում 800 մ՝ մինչև կրակային հրապարակ
- 3 մենահատ կրակոց (յուրաքանչյուր չխոցված թիրախի համար` 2 տուգանային միավոր)
- Վազքով անցում 800 մ և ավարտ։
«Պրոֆեսիոնալ»
Այս փուլն իր մեջ ներառում է խոչընդոտներով հարուստ հատվածամասի հաղթահարում, կրակային և քիմիական, կենսաբանական պաշտպանության պատրաստության, ինչպես նաև ռազմաբժշկական պատրաստության նորմատիվներ։
«Դիպուկահար»
«Դիպուկահար» փուլի ընթացքում մասնակիցները հրաձգություն են իրականացնում ինքնաձիգով։ Նախատեսված է կրակային 3 վարժություն։
«Տեր եվ տիկին»
Սա ստեղծագործական փուլ է։ Մրցույթի մասնակիցները ներկայացնում են արձակագրության, պոեզիայի, երաժշտական գործիք նվագելու, երգելու և պարելու համարներ։ Ստեղծագործությունները պետք է լինեն ռազմահայրենասիրական, զինված ուժերին նվիրված թեմաներով։
«Էրուդիտ»
«Էրուդիտ» փուլում մասնակիցները գիտելիքները չափում են ռազմական պատմության ոլորտում, զինծառայողները լրացնում եմ 35-40 թեստային առաջադրանք, յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար տրվում է 1 միավոր։