ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է օրինագիծը, որով պատժամիջոցներ են նախատեսվում Իրանի, Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի նկատմամբ։ Օրինագիծը հաստատվել է ձայների 419 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը։

Օրինագծով պատժամիջոցներ են սահմանվում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր որևէ կերպ մասնակցում են Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի զարգացմանը, աջակցում են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ)։

Անդրադառնալով ԱՄՆ նոր պատժամիջոցների օրինագծին՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը  ԱՄՆ այս քայլին անհրաժեշտ պատասխան կտա և  կշարունակի ամրացնել իր պաշտպանական կարողությունը առանց որևէ մեկին ուշադրություն դարձնելու։

Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին էլ նախօրեին հայտարարել էր, որ ԱՄՆ նոր պատժամիջոցներին դիմակայելուն ուղղված նոր օրինագիծ է քննարկվում խորհրդարանում։

Իրանի և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը հունիսի 15-ին հաստատվել էր ԱՄՆ Սենատի կողմից, այնուհետև ուղարկվել Ներկայացուցիչների պալատի քննարկմանը։ Սակայն Ներկայացուցիչների պալատը արգելափակել էր օրինագծի ընդունումը՝ Սենատի կողմից օրինագծի առաջադրելը օրենքի խախտում համարելով (պետական ծախսերի հետ կապ ունեցող ցանկացած ձեռնարկում պետք է նախ քննարկվի Ներկայացուցիչների պալատում, հետո նոր Սենատում)։

Հետագայում արդեն Ներկայացուցիչների պալատը օրինագծին ավելացրել է նաև Հյուսիսային Կորեայի պատժամիջոցների փաթեթը և ուղարկել քվեարկության։ Այժմ Ներկայացուցիչների պալատի հաստատումից հետո օրինագիծը պետք է հաստատվի նաև Սենատի կողմից, ինչից հետո այն պետք է ստորագրի ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել իրանական 18 ընկերության և ֆիզիկական անձանց նկատմամբ՝  «Իրանի բալիստիկ հրթիռների զարգացման ծրագրին, Իրանի ռազմական գնումներին, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) աջակցելու» մեղադրանքով։

Միաժամանակ Իրանի խորհրդարանը հաստատել էր «ԱՄՆ ահաբեկչական և արկածախնդիր գործողություններին դիմակայելուն» ուղղված օրինագիծը։ Օրինագիծը ընդունվել էր ձայների 213 կողմ, 6 դեմ և մեկ չեզոք հարաբերակցությամբ։ Օրինագծով սահմանվում են ԱՄՆ «ահաբեկչական, ահաբեկիչներին աջակցող, մարդու իրավունքները խախտող  գործողություններին» դիմակայելուն ուղղված քայլեր։

Նախատեսվում է նաև երկրի հրթիռային արտադրության զարգացման համար հատկացնել 1000 մլրդ թուման (308 մլն դոլար), ևս 1000 մլրդ թուման պետությունը  պարտավորվում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանմանը տրամադրել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *