Թուրքիայի կողմից Ս-400 համակարգերի գնումը մտահոգիչ չպետք է լինի. Էրդողան

Հուլիսի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ս-400 ՀՕՊ համակարգերը չպետք է լարվածության պատճառ դառնան, քանի որ յուրաքանչյուր երկիր իր անվտանգությունը ապահովելու համար ամենակատարյալ տարբերակը պետք է փնտրի: Փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

«Տարիներ շարունակ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Հունաստանը Ս-300 ՀՕՊ համակարգերն է օգտագործում: Ինչո՞ւ են անհանգստանում: Մենք ներկայում Ռուսաստանի հետ այդ հարցի շուրջ քայլեր ենք ձեռնարկել, ստորագրություններ ենք դրել, հուսով ենք, որ Ս-400 ԶՀՀ-ները կտեսնենք մեր երկրում և դրանց համատեղ արտադրության գործընթացն էլ կսկսենք», — ասել է Էրդողանը:

Մինչ այս՝ հուլիսի 22-ին, ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից Ս-400-ների գնումը մտահոգիչ կլիներ:

«Կային լրատվամիջոցների տեղեկություններ, որոնք ճիշտ չեն: Նրանք [Թուրքիան] չեն գնել Ս-400 ՀՕՊ համակարգեր Ռուսաստանից: Եթե նրանք անեին, ապա դա մտագոհիչ կլիներ, բայց նրանք չեն արել դա», — ասել է Դանֆորդը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Թուրքիան ավարատել է Ռուսաստանից Ս-400 համակարգերի վաճառքի համար տեխնիկական աշխատանքները, սակայն շարունակում է ֆինանսական մեթոդների ուղղությամբ աշխատանքները: Այս մասին հայտարարել է նաև ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենը: Սակայն նա նաև նշել է, որ Ռուսաստանը Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաներ չի փոխանցի Թուրքիային:

Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ այդ համակարգերի գնումը Թուրքիայի համար անհրաժեշտությունից դրդված քայլ է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն ցանկացել Թուրքիայի ՀՕՊ համակարգեր վաճառել իրենց ցանկացած պայմաններով:

Հիշեցնենք, որ մի քանի տարի է, ինչ Թուրքիան ցանկանում է միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր ձեռք բերել: 2013-ին հայտարարված մրցույթում հաղթել էր չինական ընկերություն, աակայն ՆԱՏՕ-ի ճնշմամբ պայամանագիրը չեղարկվեց:

ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվել են Թուրքիային ՀՕՊ համակարգեր վաճառել, ինչի պատճառն այն է, որ Թուրքիան պահանջում էր նաև համատեղ արտադրության տեխնոլոգիաներ: 2016-ի հոկտեմբերից Թուրքիան բանակցում է Ռուսաստանի հետ՝ Ս-400 համակարգեր ստանալու շուրջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *