Եմենի հութիները «Սկադով» հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի նավթագործարանը

Հուլիսի 22-ին Եմենի հութիները «Բորքան-2Հ» («Սկադի» տեղական անվանումը) հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի Յանբու շրջանում գտնվող նավթամշակման գործարանի (Saudi Aramco Mobile Refinery (SAMREF)) ուղղությամբ։ Տեղեկացնում է հութիների Ansarollah լրատվակայքը։

Ըստ հութիների՝ հրթիռները խոցել են թիրախը։

Հրթիռակոծության մասին Սաուդյան Արաբիան որևէ տեղեկություն չի տարածել, փոխարենը հայտարարել է, որ նավթագործարանում տաք եղանակների պատճառով հրդեհ է բռնկվել։

Նավթագործարանի հրթիռակոծումը հութիները Սաուդյան Արաբիայի դեմ տարվող ռազմական գործողությունների գագաթնակետ են անվանել, որը պետք է նոր փուլ սկսի Սաուդյան Արաբիայի հետ կոնֆլիկտում։

Ավելի վաղ՝ 2017-ի մայիսին, հութիները «Բորքան-2» հրթիռ էին արձակել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի ուղղությամբ։ Սաուդյան Արաբիայի ՀՕՊ կայանները կարողացել էին որսալ հրթիռը։

Մինչ այդ  ՝ մարտի 18-ին , հութիները «Բորքան-2» հրթիռով հարվածել էին մայրաքաղաք Ռիադում գտնվող «Սալման արքայի» անունը կրող ավիաբազային։

Փետրվարի 5-ին նույնպես  հութիները «Բորքան» հրթիռ էին արձակել մայրաքաղաք Ռիադի արևմուտքում գտնվող Ալ-Մուզայիմյահ բնակավայրում տեղակայված ռազմաբազայի ուղղությամբ։ Ըստ հութիների՝ հրթիռը կարողացել է խոցել թիրախը։

Սակայն Սաուդյան Արաբիան հերքել էր այս տեղեկությունը։

Նախկինում հութիները նույնպես հարվածել են Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, առաջին անգամ Սաուդների ուղղությամբ «Սկադ» բալիստիկ հրթիռ արձակել են 2015-ի  հունիսի 6-ին՝ թիրախավորելով Խամիս Մուշաիթում տեղակայված «Պրինս Խալեդ» ռազմաբազան: Հրթիռը սաուդյան զինված ուժերը վնասազերծել էին Patriot զենիթահրթիռային ՀՕՊ համակարգից արձակված երկու հրթիռներով:

Այնուհետև նույն թվականի հունիսի 29-ին հութիները «Սկադ» հրթիռով հարվածել են Սաուդյան թագավորության մայրաքաղաք ََԱլ-Ռիադից 700 կմ հարավ արևմուտք գտնվող ռազմաբազային։

Եմենում «քաղաքացիական» պատերազմի նոր փուլը սկսվել է 2014-ին: Հակամարտում են շիա հութիները և երկրի սուննի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադիին աջակցող ուժերը: Շիա հութիներին օժանդակում է Իրանը, իսկ սուննիներին՝ արաբական պետությունների մեծ մասը, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *