Իսրայելը կրակել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորման դիրքերին

Հուլիսի 24-ին Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումները տանկերից կրակ են արձակել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման՝ Գազայի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը Twitter-ի իր միկրոբլոգում:

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Գազայի հարավային հատվածին: Իսրայելական կողմը պնդում է, որ բանակը հարվածել է այն բանից հետո, երբ Գազայի հատվածից ՀԱՄԱՍ խմբավորումը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ:

Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտնել է, որ Գազայի հատվածից արձակված հրթիռների պատճառով մարդկային և նյութական կորուստներ չեն արձանագրվել, դրանք ընկել են բաց տարածությունում:

Նշենք, որ իրադրությունը Երուսաղեմում և Հորդանան գետի արևմտյան ափին լարվել է դեռևս հուլիսի 14-ին: Լարվածությունը սկսել է այն բանից հետո, երբ պաղեստինցիներից մեկը  Հորդանան գետի արևմտյան ափին սպանել է Իսրայելի 2 ոստիկանի:

Դեպքից հետո իսրայելական իշխանությունները որոշել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթ բարձրանալը թույլ տալ միայն մետաղական իրերը հայտնաբերող սարքերով ստուգումից հետո: Սրա պատճառով էլ բախումներ են սկսել իսրայելցիների և պաղեստինցիների միջև:

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության վրա, հայտնել է, որ 10-օրյա բախումների հետևանքով վիրավորվել է շուրջ 900 պաղեստինցի:

ՀԱՄԱՍ (ամբողջական անվանումով՝ «Հարաքաթ ալ-Մուկավամա ալ-Իսլամիյյա», արաբերենից թարգմանաբար նշանակում է «Իսլամական դիմադրության շարժում») պաղեստինյան իսլամամետ կուսակցություն է, որն այժմ վերահսկում է Գազայի հատվածը։ ՀԱՄԱՍ-ը հիմնվել է 1987-ին՝ Պաղեստինի Գազա քաղաքում, երկու խմբավորումների՝ «Մուսուլման եղբայրներ» իսլամական կազմակերպության պաղեստինյան թևի և «Պաղեստինի իսլամական ջիհադի» միավորմամբ։

Կազմակերպությունը հռչակել էր, որ ցանկացած հրեայի կարելի է համարել ռազմական օկուպանտ և իրենց պարտականությունը և ռազմավարական նպատակն է ազատագրել Պաղեստինը՝ վերագրավելով Իսրայելը ամբողջությամբ, և հաստատել պաղեստինյան իսլամական պետություն՝ ծովից մինչև Հորդանան։

Հետագայում, սակայն, ՀԱՄԱՍ-ը ճանաչել է Իսրայելի անկախությունը, իսկ 2017-ին ՀԱՄԱՍ-ը հռչակել է իր քաղաքականության նոր սկզբունքների փաստաթուղթը, որում մեղմացրել է նաև հակահրեական շեշտադրումները: Նոր փաստաթղթի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի հակամարտությունը ոչ թե հրեաների հետ է, այլ «սիոնիստական» ծրագրի:

Բացի այդ, 2015-ին ՀԱՄԱՍ-ն Իսրայելին երկարատև խաղաղություն հաստատելու առաջարկների փաթեթ է փոխանցել, որտեղ ներառված են այն պարտավորությունները, որոնք ՀԱՄԱՍ-ը կստանձնի, եթե Գազայի հատվածն ապաշրջափակվի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *