Իրանը մտադիր է ակտիվացնել ռազմական համագործակցությունը Իրաքի հետ

Հուլիսի 23-ին Իրանի և Իրաքի պաշտպանության նախարարները Թեհրանում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ «ռազմական-պաշտպանական» ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Այս մասին հայտնում է Իրանի ՊՆ կայքը:

Իրանի և Իրաքի պաշտպանության նախարարները՝ ռազմական ոլորտում փոխըմբռնման հուշագիրը ստորագրելուց հետո

Իրանի և Իրաքի պաշտպանության նախարարները՝ ռազմական ոլորտում փոխըմբռնման հուշագիրը ստորագրելուց հետո

Հուշագիրը նախատեսում է համագործակցության խորացում և փորձի փոխանակում հետևյալ ոլորտներում.

  • ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքար,
  • սահմանների անվտանգություն,
  • կրթական, թիկունքային, տեխնիկական և ռազմական օգնություն:

Մինչ այս Իրանը Իրաքին ռազմական օգնություն էր ցուցաբերում և շարունակում է ցուցաբերել տարբեր մեթոդներով՝ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար այնտեղ ուղարկելով իր մարտական ստորաբաժանումները, զենք և զինամթերք:

Օրեր առաջ Իրանի նախագահն անձամբ հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղած պայքարում Իրանը աջակցել է Իրաքին՝ սպառազինություն մատակարարելով Իրաքին։

Իրաքին զենքով ապահովելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։

Իրաքի՝ Իրանից ստացած Սու-25 գրոհիչ ինքնաթիռներից մեկը

Իրաքի՝ Իրանից ստացած Սու-25 գրոհիչ ինքնաթիռներից մեկը (արխիվ)

2014-ին  «Ռոյթերս» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ 2013-ի նոյեմբերի վերջին Իրանը և Իրաքը սպառազինության մատակարարման մասին 8 պայմանագիր են կնքվել: Պայմանագրերի արժեքը 195 մլն ԱՄՆ դոլար էր գնահատվում։ Սակայն Իրանը հերքել էր այս լուրը։

Այնուամենայնիվ, չնայած Իրանի հերքումներին և պաշտոնական տվյալների սակավությանը՝ լրատվամիջոցներում մշտապես հայտնվել են լուսանկարներ, որտեղ երևացել են, թե ինչպես են  իրաքցի և սիրիացի զինծառայողները օգտագործում  իրանական արտադրության տարբեր զինատեսակներ՝ անօդաչու թռչող սարքեր, դիպուկահար հրացաններ, զրահամեքենաներ և այլն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *