40 տոկոսով կրճատվել է Թուրքիայի բանակի բարձրագույն հրամկազմը

Մեկ տարի առաջ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի բանակում կրճատումների պատճառով գեներալների թիվը 326-ից հասել է մինչև 196-ի (տարբերությունը՝ 130): Ընդհանուր առմամբ կրճատվել է բանակի բարձրագույն հրամկազմի 40 տոկոսը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Մինչ այս հայտնի էր, որ մեկ տարվա ընթացքում Թուրքիայի բանակից հեռացվել է 150 գեներալ: «Անադոլուն» նշում է, որ կրճատումներն իրականացվել են «բարեփոխումների շրջանակներում», ինչից կարելի է ենթադրել, որ գեներալներին ոչ միայն հեռացրել են, այլև կրճատել են նրանց հաստիքները:

Թուրքական բանակի զինծառայողների հանդերձանքը Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո (արխիվ)

Թուրքական բանակի զինծառայողների հանդերձանքը
Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո (արխիվ)

Ավելի ցածր պաշտոններից հեռացված զինծառայողների թափուր հաստիքները լրացնելու համար, ըստ գործակալության, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել և ծառայության է ընդունել 13 հազար 125 նոր զինծառայող:

Մինչ այս հաղորդվում էր, որ զինված ուժերից ընդհանուր առմամբ հեռացվել է ավելի քան 7600 զինծառայող: Այսինքն մեկ տարվա ընթացքում Թուրքիայի բանակը լրացրել է ոչ միայն հեռացվածների հաստիքները, այլև համալրվել է ևս մոտ 5,5 հազար անձնակազմով:

Հեղաշրջման փորձից հետո առավել շատ անձնակազմ՝ 16 հազարից ավելի, հեռացվել է նաև ռազմաուսումնական հաստատություններից: Թուրքական գործակալությունն անդրադառնում է նաև կուրսանտների թվին և նշում, որ առնվազն եռապատկվել է տարբեր ՌՈւՀ-երի ընդունելության համար դիմած երիտասարդների թիվը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *