«Հեզբոլլահ» շարժումը և Սիրիայի բանակը գործողություններ են սկսել Սիրիա-Լիբանան սահմանին

Հուլիսի 21-ին Լիբանանում գործող շիայական «Հեզբոլլահ» շարժման զինյալները և Սիրիայի կառավարական ուժերը ահաբեկչական խմբավորումների դեմ համատեղ գործողություններ են սկսել Սիրիայի և Լիբանանի սահմանին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Լիբանանի ԶՈւ զինծառայող սիրիա-լիբանանյան սահմանին

Լիբանանի ԶՈւ զինծառայող սիրիա-լիբանանյան սահմանին

Գործողությունները իրականացվում են սահմանի լեռնային հատվածներում: «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հուլիսի 21-ի առավոտյան գործողություններ է սկսում «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման դեմ լիբանանյան Արսալ նահանգում՝ Սիրիա-Լիբանան սահմանին:

Միևնույն ժամանան Սիրիայի կառավարական ուժերը հարձակում են կազմակերպել «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման դեմ Սիրիայի տարածքում գտնվող Ֆլիթա շրջանում:

Ավելի վաղ «Հիզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հնարավորություն է տալիս ահաբեկիչներին լքել Արսալ նահանգը, հակառակ դեպքում խոստացել են գործողություններ իրականացնել նրանց դեմ:

Նշենք, որ ավելի վաղ՝ հուլիսի 18-ին, Սիրիայի հետ սահմանին՝ հենց Արսալ նահանգում, գործողություններ իրականացնելու մասին հայտարարել է նաև Լիբանանի վարչապետը: Նա նշել է, որ Լիբանանի կառավարությունը աջակցում է սահմանային հատվածներում ահաբեկիչների դեմ գործողություն իրականացնելու վերաբերյալ զինված ուժերի որոշմանը:

Արսալ նահանգը սիրիա-լիբանանյան սահմանի ամենալարված հատվածն է: Ահաբեկչական խմբավորումները լեռնային տարածքն օգտագործում են դեպի Սիրիա զենքի ապօրինի տեղափոխման համար: Այդ հատվածներում գործում են հիմնականում «Իսլամական պետություն» և «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորումները: Դեռևս 2014-ի օգոստոսին ԻՊ զինյալները ներխուժել են Արսալ նահանգի համանուն քաղաք, սակայն լիբանանյան բանակը հետ է մղել նրանց հարձակումը:

«Հեզբոլլահ» շարժումը Սիրիայի ճգնաժամի մեկնարկից ի վեր աջակցում է Սիրիայի կառավարական ուժերին և նախագահ Բաշար ալ-Ասադին, ինչը, սակայն, քննադատվում է Լիբանանի իշխանությունների կողմից:

Նշենք, որ Սիրիայում ճգնաժամը սկսել է 2011-ին: Մինչ այժմ երկրի տարբեր հատվածներում կառավարական ուժերը պայքարում են տարբեր զինյալ խմբավորումների դեմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *