Արաբական երկրները 6 սկզբունք են ներկայացրել Կատարի ճգնաժամի լուծման համար

Հուլիսի 20-ին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը 6 սկզբունք են ներկայացրել Կատարին, որոնց կատարման դեպքում կվերակագնեն դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին հայտնում է արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության կայքը:

Թուրքիայի ԶՈւ 5 զրահամեքենա և 23 զինծառայող հասել է Կատար

Թուրքիայի ԶՈւ 5 զրահամեքենա և 23 զինծառայող հասել է Կատար

Պահանջները արաբական երկրները համաձայնեցրել են դեռևս հուլիսի 5-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հանդիպման ժամանակ: 6 սկզբունքները ներկայացրել է ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը:

Պահանջների մեծ մասը վերաբերում է ահաբեկչության և իսլամական ծայրահեղականության դեմ պայքարին: Հատկանշական է, որ նոր պահանջագրում բացակայում է Կատարում թուրքական ռազմաբազան փակելու և Թուրքիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության դադարեցման վերաբերյալ պահանջը: Սկզբունքների մեջ ներառված չէ նաև «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության փակումը:

Այդ 6 սկզբունքներն են.

  • Ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի պատրաստակամություն և դրանց ֆինանսական աջակցության կանխում, հովանավորության դադարեցում,
  • Ցանկացած տեսակի սադրանքի և ատելություն պարունակող ելույթների կանխում,
  • Պարսից ծոցի համագործակցության խորհրդի շրջանակներում 2013-ին Էր Ռիադի համաձայնագրի պահանջներին և 2014-ին կնքված այդ համաձայնագրի իրականցման մեխանիզմներին ամբողջական համապատասխանություն,
  • Հավատարմությունը 2017-ի մայիսին Ռիադում անցկացված արաբա-իսլամական համաժողովի արդյունքներին,
  • Օտար պետությունների ներքին քաղաքականությանը միջամտող քայլերի դադարեցում,
  • Միջազգային հանրության բոլոր պետությունների պատրաստակամություն բոլոր տեսակի ծայրահեղական և ահաբեկչական դրսևորումների դեմ պայքարում:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը 13 կետից բաղկացած պահանջագիր էին ներկայացրել Կատարին, որի կատարման դեպքում միայն կվերականգեին դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ: Դրանց թվում է նաև թուրքական ռազմաբազայի փակումը: Պահանջներն ամբողջությամբ՝ այստեղ

Սակայն Կատարը հրաժարվեց կատարել այդ պահանջները՝ դրանք անվանելով անիրատեսական և անկիրառելի: Թուրքական կողմը ևս կոշտ հայտարարություններով հանդես եկավ՝ ի պատասխան թուրքական ռազմաբազան փակելու վերաբերյալ արաբական երկրների պահանջներին: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ռազմաբազա կմնա Կատարում, քանի դեռ այդ երկիրը չի պահանջել թուրքական կողմից հեռանալ:

Կատարում Թուրքիայի ռազմաբազա տեղակայելու աշխատանքները սկսվել են դեռևս 2014-ին: 2017-ի հունիսին Թուրքիայի խոհրդարանը վավերացրել է «Կատարում Թուրքիայի զինված ուժեր տեղակայելու մասին երկու երկրների կառավարությունների միջև կնքված իրականացման համաձայնագիրը»  (implementation agreement) վավերացնող օրինագիծը, ինչից հետո արդեն հնարավոր է դարձել զորախմբի տեղակայումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *