Հետախուզության միջոցների բավական ծանրակշիռ համալրում ենք ունեցել. զորամասի հրամանատար

Տարբեր ուղղություններում ունենք ժամանակակից զենքեր, որոնք հնարավորություն են ընձեռում, օրինակ, խոցելու հակառակորդի տանկերը մի քանի անգամ ավելի մեծ խորությունում: Այս մասին ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԶՈւ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանը:

«Թե՛ ապրիլյան մարտագործողությունների ժամանակ, թե՛ դրանից հետո հետախուզության միջոցների բավական ծանրակշիռ համալրում ենք ունեցել: Սա մեզ հնարավորություն է տալիս նկատելու անհրաժեշտ շարժերը, ուղղությունները, կուտակումները», — նշել է Գրիգորի Սահակյանը:

ՀՀ ԶՈւ հրետանավորները զորավարժության ժամանակ

ՀՀ ԶՈւ հրետանավորները զորավարժության ժամանակ

Զորամասի հրամանատարը մանրամասներ չի հայտնել, սակայն ասել է, որ խոսքը «ստրատեգիական խորությունների» մասին է, իսկ ինչ վերաբերում է կրակային միջոցներին, ապա առկա է գերճշգրիտ, գերհզոր հրթիռներով համալրում, ինչը բազմապատկել է մասշտաբային խնդիրներ լուծելու հնարավորությունները:

Գնդապետ Սահակյանը նաև անդրադարձել է կրակակետերի ամրաշինական աշխատանքներին և նշել, որ կրակային ցանկացած միջոցի համար ստեղծվել, կահավորվել են թե՛ կրակային, թե՛ պահեստային, թե՛ խուսավարման տեղամասեր:

Խոսելով ադրբեջանական ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետների մասին՝ հրամանատարը հայտնել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ «մեր ստորաբաժանումների կողմից իրականացվել է խոցում, մեկ միավոր էլ վնասել ենք»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *