Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Հուլիսի 20-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ քուրդ զինյալները Հաքուրք շրջանից կրակել են Թուրքիայի ԶՈւ սահմանապահ ստորաբաժանումների ուղղությամբ, ինչից հետո էլ Թուրքիայի օդուժը հարվածել է քրդերի դիրքերին:

Վերջին շրջանում Թուրքիան հաճախ է հարվածում քուրդ զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսում: Միևնույն ժամանակ, Թուրքիայի զինուժը հաճախ է հրետակոծում Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ուժերի դիրքերը:

Թուրքիան Սիրիայի քրդական խմբավորումները դիտում է որպես «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճյուղ և դրանք նույնպես բնորոշում «ահաբեկչական»:

Թուրք-քրդական բախումները վերջին շրջանում ինտենսիվացել են նաև Թուրքիայի տարածքում: Բախումները սկսվել են դեռևս 2015-ի ամռանը: 2 տարի շարունակվող բախումներում Թուրքիայի մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել: Հատկապես մեծ վնասներ են կրել Թուրքիայի Շրնաք, Դիարբեքիր, Մարդին նահանգները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *