ՀՀ կառավարության հավանություն է տվել ՀՀ-ՌԴ զորախմբի համաձայնագրի վավերացման նախագծին

ՀՀ կառավարությունը հուլիսի 20-ի նիստի ընթացքում հավանության է արժանացրել Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին որոշման նախագիծը: Այս մասին հայտնում է Aysor.am լրատվակայքը:

Որոշման նախագծին կից հրապարակվել են նաև միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը և հավելված (կանոնակարգ), որոնցով կողմերը՝ ստեղծում են զինված ուժերի միացյալ զորախումբ և նույն համաձայնագրի շրջանակներում կարգավորում են զորախմբի գործունեությունը:

Օրենքի նախագիծը դեռևս պետք է ներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Երեկ՝ հուլիսի 19-ին, Ռուսաստանի Դաշնային խորհուրդը վավերացրել է զորախմբի մասին համաձայնագիրը:

Համաձայնագիրը երկրները ստորագրել են 2016 թվականի նոյեմբերի 30-ին: Զորախմբի նպատակն է ժամանակին հայտնաբերել երկու կողմերի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստումը և հետ մղել այն՝ երկու կողմերի զինված ուժերի և այլ զորքերի միջոցով:

Զորախմբի մեջ են մտնում ՌԴ ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, իսկ հայկական կողմից՝ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների մի մասը:

ՀՀ պաշտպանության նախարարը 2016թ. նոյեմբերին հայտնել է, որ տարածաշրջանում կայունության պահպանման առումով խնդրահարույց են նաև Ադրբեջանի գործողությունները։ Այդ սպառնալիքները ստիպում են, որպեսզի հայ-ռուսական միացյալ զորախումբն ուշադրության կենտրոնում պահի մի քանի ուղղություն, այդ թվում՝ ոչ միայն «նախկին ԽՍՀՄ սահմաններից դուրս», ինչպես որ ավանդաբար եղել է։

Իսկ ավելի ուշ՝ դեկտեմբերին, նախարարը հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում միացյալ զորախումբն օգտագործել Վրաստանի դեմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *