Ադրբեջանում հայտնում են «լրտեսների նոր ցանց» բացահայտելու մասին

Հուլիսի 19-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտնել է Ադրբեջանում «լրտեսների նոր ցանցի» անդամներին հայտնաբերելու և ձերբակալելու մասին: Ըստ այդ երկրի ՊԱԾ հաղորդագրության՝ լրտեսներից մեկը փորձում էր լքել երկրի տարածքը, սակայն նրան, ինչպես նաև «ցանցի այլ անդամների» ձերբակալել են:

Ադրբեջանի ՊԱԾ մամուլի ծառայության հաղորդագրությունւմ նշվում է.

«ՊԱԾ կողմից իրականացված հակահետախուզական միջոցառումների արդյունքում երկիրը լքելու փորձ կատարելիս ձերբակալվել է Մուխթար Յաղուբովը (Muxtar Yağubov), ով արտասահմանյան հատուկ ծառայության օրգանների հանձնարարությամբ Ադրբեջանի տարածքում լրտեսության ճանապարհով հավաքված տեղեկությունները ցանկանում էր փոքր չափի էլեկտրոնային ինֆորմացիոն կրիչով դուրս բերել երկրից»:

«Պետական դավաճանության» հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում Բաքվում և Ադրբեջանի այլ շրջաններում հայտնաբերվել և բերման են ենթարկվել «լրտեսական ցանցի» անդամները: Բերման ենթարկվածների ընդհանուր ցանկը՝

  • Յաղուբով Մուխթար Ջամալ օղլու (Yağubov Muxtar Camal oğlu),
  • Ահմադով Շաքիր Խանլար օղլու (Əhmədov Şakir Xanlar oğlu),
  • Զեյնալլը Զեքա Աբիշ օղլու (Zeynallı Zəka Abış oğlu),
  • Աբասզադե Սաբուհի Օգթայ օղլու (Abbaszadə Səbuhi Oktay oğlu),
  • Նուրիև Խուդաշյուքյուր Մաջիդ օղլու (Nuriyev Xudaşükür Məcid oğlu),
  • Հուսեյնով Քեմալեդդին Իսախան օղլու (Hüseynov Kəmaləddin İsaxan oğlu):

Բերման ենթարկված անձանց նկատմամբ դատական կարգով խափանման միջոց է սահմանվել կալանավորումը:

Համաձայն նույն հաղորդագրության՝ կալանավորված անձանցից առգրավվել են «արտասահմանյան հատուկ ծառայության օրգանների» հետ նամակներ, փոխանցելու համար նախապատրաստված տվյալներ:

Նշվում է, որ «լրտեսները» նույն «արտասահմանյան հատուկ ծառայությունների հանձնարարությամբ» պետք է ներթափանցեին Ադրբեջանի հատուկ ծառայություններ, կապեր հաստատեին պետական ծառայողների, հասարակական գործիչների հետ, տեղեկություններ հավաքեին և փոխանցեին Ադրբեջանի հատուկ ծառայությունների, զինված ուժերի, երկրում իրականացվող հատուկ միջոցառումների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2017 թ. մայիսի 7-ին Ադրբեջանում հայտարարել էին Տերտերի շրջանում «հայկական հետախուզության հետ համագործակցելու» մեղադրանքով մի խումբ զինվորականների և քաղաքացիականների ձերբակալման մասին, առանց հայտնելու դրանց թիվը, ինքնությունը։ Հետագայում պարզվեց, որ ձերբակալվածների առնվազն մի մասի նկատամամբ արտադատարանական մահապատիժների են կիրառել:

One response to “Ադրբեջանում հայտնում են «լրտեսների նոր ցանց» բացահայտելու մասին

  1. Ինչ էլ ուրախ-զվարթ են ապրում )))

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *