ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

Հուլիսի 18-ին ԱՄՆ-ն  նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական 18 ընկերություն և ֆիզիկական անձանց նկատմամբ՝  «Իրանի բալիստիկ հրթիռների զարգացման ծրագրին, Իրանի ռազմական գնումներին, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) աջակցելու» մեղադրանքով։Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Պետքարտուղարության կայքը։

Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման պատճառներից են «Մերձավոր Արևելքի կայունությունը և անվտանգությունը քայքայելը, «Հիզբոլլահ», ՀԱՄԱՍ, «Պաղեստինյան իսլամական ջիհադ» խմբավորումներին, Սիրիայում Բաշար Ասադի կառավարությանը աջակցելը»։

Մասնավորապես պատժամիջոցներ են սահմանվել 2 իրանական ընկերության նկատմամբ, որոնք ներգրավված են բալիստիկ հրթիռների արտադրության ծրագրին, 7 կազմակերպության և 5 ֆիզիկական անձի նկատմամբ, ովքեր աջակցել են ԻՀՊԿ ռազմական գնումներին։

Պատժամիջոցների ցուցակում են նաև «իրանական քրեական կազմակերպություն», կառույցին առնչակից 3 անձ, 2 իրանցի գործարար և նրանց առնչակից  կազմակերպություն, որոնք  ամերիկյան և արևմտյան համակարգչային խաղեր են գողացել և վաճառել Իրանի կառավարությանը։

Բացի այդ Իրանի «մտահոգիչ» գործողություններից է նաև այն, որ Իրանը շարունակում է ազգային մեղադրաքներով ձերբակալել ԱՄՆ և այլ երկրների քաղաքացիների։

Մինչ պատժամիջոցներ սահմանելը ԱՄՆ-ն հայտարարել էր, որ Իրանը կատարում է 2015 թ. միջուկային համաձայնագրով սահմանված պարտավորությունները, սակայն, չնայած դրան, շարունակում է «ԱՄՆ հետաքրքրությունների և տարածաշրջանային կայունության համար սպառնալիք դիտարկվել»։ Փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը։

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ.

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում, մարտ 2016թ.

Միաժամանակ հուլիսի 18-ին Իրանի խորհրդարանը հաստատել է«ԱՄՆ ահաբեկչական և արկածախնդիր գործողություններին դիմակայելուն» ուղղված օրինագիծը։ Օրինագիծը ընդունվել է ձայների 213 կողմ, 6 դեմ և մեկ չեզոք հարաբերակցությամբ։

Օրինագծով սահմանվում են ԱՄՆ «ահաբեկչական, ահաբեկիչներին աջակցող, մարդու իրավունքները խախտող  գործողություններին» դիմակայելուն ուղղված քայլեր։

Նախատեսվում է նաև երկրի հրթիռային արտադրության զարգացման համար հատկացնել 1000 մլրդ թուման (308 մլն դոլար), ևս 1000 մլրդ թուման պետությունը  պարտավորվում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանմանը տրամադրել։

Հուլիսի 18-ին Իրանի հրթիռային ծրագրի զարգացմանը անդրադարձել է նաև Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադը Զարիֆը։ Ելույթ ունենալով Նյու Յորքում ԱՄՆ միջազգային հարաբերությունների խորհրդում՝ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի հրթիռները միջուկային մարտագլխիկ չեն կրում և պաշտպանական են։

Մեր հրթիռները մեր պաշտպանական գործիքներն են, մենք «գեղեցիկ սպառազինություն» գնելու համար 110 մլրդ դոլար չենք տալիս [նկատի ունի Սաուդյան Արաբիայի՝ ԱՄՆ-ից 110 մլրդ դոլարի սպառազինություն գնելը` խմբ.] և ինքներս ենք արտադրում, գեղեցիկ լինեն՝ թե չէ [նկատի ունի Թրամփի` ԱՄՆ սպառազինությունը գեղեցիկ անվանելը՝ խմբ. ]։

Զարիֆը Իրանի հրթիռային կարողությունը տարածաշրջանի «որոշ Սադամ Հուսեյիններին» դիմակայելու միջոց է անվանել։

Մեր հրթիռները մեր պաշտպանությունից բացի երբեք չենք օգտագործի, երբե՛ք։ Սա մենք խոստանում ենք և թող մյուսներն էլ խոստանան, որ իրենց «գեղեցիկ սպառազինությունը» միայն իրենց պաշտպանության համար կօգտագործեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Սենատը վերջնականապես  հաստատել էր Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը։ Օրինագիծը ընդունվել էր ձայների 98 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ։ Այն ուժի մեջ դնելու համար դեռ անհրաժեշտ է Ներկայացուցիչների պալատի հաստատումը , ինչից հետո օրինագիծը պետք է ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Իրանի և ԱՄՆ հարաբերությունները ավելի են սրվել։ Թրամփը հանդես է գալիս Իրանի միջուկային համաձայնագիրը քննադատող ելույթներով։ Նա Իրանին մեղադրում է ահաբեկիչներին աջակցելու, տարածաշրջանը ապակայունացնելու, հրթիռային ծրագիրը զարգացնելու մեջ։

Նմանատիպ  մեղադրանքներով Իրանի նկատմամբ ավելի վաղ  սահմանվել են նաև նոր պատժամիջոցներ, որոնց ի պատասխան՝ Իրանը սահմանել է իր պատասխան պատժամիջոցները ԱՄՆ-ի նկատմամբ։

Հավելենք որ, ԱՄՆ-ն նաև պատրաստվում է 110 մլրդ դոլարի սպառազինություն վաճառել Սաուդյան Արաբիային, որը , ըստ ամերիկյան կողմի հիմնավորման, թույլ է տալու ապահովել Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի տարածաշրջանի երկարաժամկետ անվտանգությունը՝ Իրանի «չարորակ ազդեցության» և Իրանի հետ կապված սպառնալիքների պայմաններում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *