Թուրքիայի զինուժը հրետակոծում է քրդերի դիրքերը Սիրիայի հյուսիսում

Հուլիսի 17-ին Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները հրետակոծել են Սիրիայի հյուսիսային Ազեզ շրջանում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) զինուժի դիրքերը: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքական կողմը պնդում է, որ հրետակոծում է ի պատասխան քրդական կողմի կրակոցների:

Քրդական ANF գործակալությունն իր հերթին հայտնում է, որ Թուրքիայի զինուժն է հրետակոծում Սիրիայի հյուսիսային քրդաբնակ գյուղերը (1,2):

Հուլիսի 17-ին Սիրիայի Ազազ շրջանում բախումներ են եղել Թուրքիայի ԶՈւ հովանավորությամբ գործող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման և քրդական YPG խմբավորման զինյալների միջև:

Ներկայում Սիրիայի հյուսիսային շրջանների մեծ մասը վերահսկում են քրդական PYD և YPG խմբավորումները: Թուրքական կողմը քրդական այս խմբավորումները համարում է «ահաբեկչական կառույցներ» և «սպառնալիք Թուրքիայի անվտանգության համար»:

Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի զինուժը հաճախ է համալրում Սիրիայի սահմանին տեղակայված իր ստորաբաժանումները: Միևնույն ժամանակ թուրքական մամուլում հունիսի վերջին տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիայի զինուժը նոր գործողությունների է պատրաստվում Թուրքիայի հյուսիսում քրդերի դեմ: Թուրքական պաշտոնական ներկայացուցիչներն էլ չեն բացառում նոր գործողությունների իրականացումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *