Տավուշի մարզում քաղպաշտպանության 10 հենակետ է բացվել

Տավուշի մարզում տեղակայվել և գործում են քաղաքացիական պաշտպանության հենակետեր՝ Ազատամուտ, Չինարի, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Ոսկեվան, Սարիգյուղ, Բերդավան և Կոթի սահմանամերձ համայնքներում:

Տավուշի մարզում բացվել են նոր և արդեն գործող արդիականացված հենակետեր: Բացմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

Մոտ ապագայում նախատեսվում է քաղաքացիական պաշտպանության ևս 10 հենակետ բացել Տավուշի և Վայոց ձորի սահմանամերձ համայնքներում:

ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության հենակետերը նախատեսված են սահմանամերձ բնակավայրերի հատուկ օբյեկտների պահպանության, պահակային ծառայության, պաշտպանիչ կառույցների և դիրքերի կառուցման աշխատանքներ կատարելու, ինչպես նաև ավերված, խարխլված և այրվող շինություններից տուժածների հայտնաբերման և տարհանման, վթարների և խոցման օջախներում տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար:

Նախարար Տոնոյանը Պառավաքար համայնքում շրջել է հենակետի տարածքում և ծանոթացել է գույքային և տեխնիկական հագեցվածությանը:

Քաղաքացիական պաշտպանության հենակետերում ծառայություն իրականացնելու համար աշխատանքի են ընդունվում տվյալ սահմանամերձ շրջանների բնակիչները, ինչը հնարավորություն է ընձեռում լուծել նաև բնակչության զբաղվածության խնդիրը:

Այցելելով սահմանամերձ համայնքներում տեղակայված մի քանի ապաստարաններ, որոնք նախատեսված են արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանը ապահով պատսպարելու համար՝ ԱԻ նախարարը ծանոթացել է ապաստարաններում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք հիմնականում իրականացվում են բարեգործների աջակցությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *