Սպանվել է Աֆղանստանում ԻՊ «առաջնորդը». Պենտագոն

Հուլիսի 11-ին ԱՄՆ-ի զինված ուժերը հարվածել են զինյալների՝ Աֆղանստանի Քունար շրջանում տեղակայված շտաբին, ինչի արդյունքում սպանվել է Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Սայեդը: Այս մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության կայքը:

Աֆղանստանում ԻՊ նախկին պարագլուխ Աբդուլ Հասիբը սպանվել էր 2017թ. ապրիլին, իսկ նրանից առաջ «պաշտոնավարող» Հաֆիզ Սայեդ Խանը՝ 2016-ի հուլիսին:

Միացյալ Նահանգները նախատեսում է ավելացնել Աֆղանստանում իր ներկայությունը, այս մասին տեղեկություն էր հայտնվել մայիսին , մասնավորապես նշվում էր, որ Պենտագոնն առաջարկում է Աֆղանստանում զորքերի թիվն ավելացնել 3-ից 5 հազարով:

Իսկ արդեն հունիսին ԱՄՆ նախագահը Պենտագոնի ղեկավարին լիազորեց ինքնուրույն որոշել Աֆղանստանում զորքի թվի փոփոխման հարցը:

Հունիսին նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կմեծացնի իր ներգրավվածությունն Աֆղանստանում, սակայն նշել է, որ «դա չի նշանակում վերադարձ մարտական առաքելությանը»: 

Ներկայում Աֆղանստանում տեղակայված է շուրջ 8400 ամերիկյան զինծառայող: Նույն գործողությանը ներգրավված են նաև ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների շուրջ 4-5 հազար զինծառայող, այդ թվում՝ նաև ՀՀ ԶՈւ 126-131 զինծառայող: Այս ուժերը հիմնականում զբաղվում են աֆղանական բանակին մարզելու, կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու հարցերով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *