«Իսկանդեր» համակարգերը կկիրառվեն անհրաժեշտության պարագայում․ ՀՀ նախագահ

Մենք և՛ այն ժամանակ, և՛ այսօր ունենք բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնենք այն վտանգը, որը սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ ՀՀ-ին։ Այս մասին «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի եթերում հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահը նշել է, որ հայկական զինված ուժերի սպառազինությունը պարբերաբար թարմացվում է,  լուրջ զինատեսակներ են ձեռք բերվել ինչպես մինչև ապրիլյան պատերազմը, այնպես էլ դրանից հետո։

«Ցանկացած ռազմական գործողություն, լինի դա մեկօրյա, մեկ տարվա, հինգ տարվա, դաս է, որը պետք է սերտես ու հետևություններ անես, որովհետև հենց ռազմական գործողությունների ժամանակ է դրսևորվում, թե քո  հակառակորդը ինչ է օգտագործում և ինչ ձևով է օգտագործում, և փորձես գտնել դրա հակաթույնը»։

Հարցին, թե ինչ գործոնների դեպքում և ինչ պայմաններում Հայաստանը կարող է  կիրառել «Իսկանդեր» համակարգերը, ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանը պատասխանել է` անհրաժեշտության պարագայում: Սակայն, նախագահը չի մանրամասնել, թե որն է այդ անհրաժեշտությունը.

«Մեր հարցազրույցը դիտում են ոչ միայն ՀՀ քաղաքացիները: Դուք ինձ պարտադրում եք պատասխանել հարցի, որի պատասխանն ունենալու համար բազմաթիվ հատուկ ծառայություններ հսկայական ռեսուրսներ են ծախսում … Իսկ ով կարծում է, որ «Իսկանդերը» միայն զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Երբ իմանա, կհասկանա՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը», — նշել է նախագահը։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ այն ժամանակ [հայկական կողմը] չուներ որոշ զինատեսակներ, որ Ադրբեջանը հասցրել էր ձեռք բերել, և գաղտնիք չէ, որ Ադրբեջանը Հայաստանից հարուստ է և ավելի շատ միջոցներ է ծախսում զինատեսակների վրա։

«…Պատերազմում միայն զենքը չի հաղթում։ Պատերազմի հիմնական գործող անձը զինվորն ու սպան են, զինվորն ու հրամանատարն են։ Եվ այդ զինվորն ու հրամանատարը պետք է ունենան բավարար զինատեսակ և զինամթերք խնդիրը լուծելու համար։ Այսօր մեր զինված ուժերը ունեն բավարար զինատեսակներ և բավարար զինամթերք»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *