Թուրքիան գերմանացի պատգամավորներին արգելել է այցելել Քոնիայի ավիաբազա. Spiegel

Թուրքիան այս անգամ գերմանացի պատգամավորներին արգելել է այցելել Թուրքիայում գտնվող Քոնիայի ՆԱՏՕ-ի ավիաբազա: Գերմանացի պատգամավորների այցը նախատեսված էր հուլիսի 17-ին:Այս մասին հայտնում է գերմանական Spiegel պարբերականը:

Այցը արգելելու մասին գերմանական կողմին Թուրքիայից հայտնել են հուլիսի 14-ին։ Գերմանիայի ԱԳՆ ուղարկված վերբալ հայտագրում թուրքական կողմը նշել է, որ «թուրք-գերմանական հարաբերությունները այս պահին այնքան վատն են, որ գերմանացի խորհրդարանականների այցը ավիաբազա չի կարող տեղի ունենալ»:

ՆԱՏՕ-ի վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազիված Boeing E-3 ինքնաթիռ

ՆԱՏՕ-ի վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազիված Boeing E-3 ինքնաթիռ

Գերմանիայի խորհրդարանականների՝ հուլիսի 17-ի այցի մասին Գերմանիայի խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնել էր դեռ հուլիսի 7-ին:

Այցի ընթացքում պատգամավորները պետք է ծանոթանային ավիաբազայում տեղակայված վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AWACS) սպառազինված ինքնաթիռների գործունեությանը և ներկա վիճակին:

Քոնյայի ավիաբազա այցի հնարավորության մասին դեռ հունիսի 5-ին հայտնել էր հենց Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Նա նշել էր, որ գերմանացի պատգամավորները «Ինջիրլիք» ռազմաբազայի փոխարեն կարող են այցելել Քոնիայում տեղակայված ավիաբազա:

Թուրքական արգելքի հետ կապված՝ Գերմանիան արդեն իր բողոքն է ուղարկել ՆԱՏՕ:

Հիշեցնենք, որ մինչ այս թուրքական կողմը գերմանացի պատգամավորներին չէր թույլատրել այցելել նաև Թուրքիայի տարածքում գտնվող մեկ այլ՝ «Ինջիրլիք» ավիաբազայում ծառայություն իրականացնող Գերմանիայի ԶՈւ զինծառայողներին:

Երկար վեճերից և բանակցություններից հետո գերմանական կողմը ի վերջո որոշեց իր զորքերը դուրս բերել «Ինջիրլիք» ավիաբազայից:

Նշենք, որ ներկայում Քոնիայում տեղակայված ավիաբազայում ՆԱՏՕ-ի զորքերի կազմում ծառայություն է իրականացնում Գերմանիայի ԶՈւ 20-30 զինծառայող: Հենց նրանց շահագործման ներքո են գտնվում ավիաբազայում տեղակայված վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AWACS) սպառազիված ինքնաթիռները:

Գերմանացի օդաչուները Ինջիրլիք ավիաբազայում. նկարը՝ «Ասոշեյթիդ պրես»-ի, 15/12/2015

Գերմանացի օդաչուները Ինջիրլիք ավիաբազայում. նկարը՝ «Ասոշեյթիդ պրես»-ի, 15/12/2015

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *