Թուրքիայի օդուժը ստացել է 5-րդ A400M բեռնատար ինքնաթիռը

Հուլիսի 13-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարության է հանձնվել  եվրոպական Airbus Space & Defense ընկերության արտադրած A400M «Ատլաս» բեռնատար ինքնաթիռներից հինգերորդը: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) Twitter-ի իր միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ 4-րդ ինքնաթիռը Թուրքիայի օդուժը ստացել է դեռևս 2017-ի ապրիլին: Թուրքիան Airbus ընկերության հետ բեռնատար ինքնաթիռների գնման մասին պայմանագիրը կնքել դեռևս 2003-ին, որի համաձայն՝ մինչև 2018-ը Թուրքիայի զինուժը պետք է ստանար 10 միավոր A400M  ինքնաթիռ։ Մինչ այժմ, սակայն, ընկերությունը Թուրքիայի զինված ուժերին տրամադրել է ինքնաթիռներից 5-ը:

2015-ի մարտին Թուրքիայի ՊՆ-ն հայտնել էր, որ հերթական 2 միավոր ինքնաթիռների մատակարարումն անորոշ ժամանակով հետաձգվել է։ Ընդ որում՝ թուրքական կողմը ուշացումների համար մեղադրել էր արտադրող ընկերությանը և պատրաստվում էր տուգանք պահանջել:

Նշենք, որ Թուրքիան A-400M բեռնատար ինքնաթիռների նախագծին մասնակցում է դեռևս 1985-ից։ Բացի այդ 5,5% տոկոս մասնաբաժնով նախագծի բաժնետեր է նաև թուրքական TAI ռազմարդյունաբերական ընկերությունը։

Airbus A400M-ը տուրբինապտուտակավոր քառաշարժիչ ռազմական բեռնատար ինքնաթիռ է, արտադրվում է Airbus Space & Defense ընկերության կողմից։ Առաջին ինքնաթիռը ցուցադրվել է 2008 թ․ հունիսի 26-ին՝ Սևիլիայում։

  • Կրեյսերային արագությունը —  780 կմ/ժ
  • Զանգվածը — 76.500 կգ
  • Երկարությունը — 45 մ
  • Առաջին թռիչքը — 2009 թ․ դեկտեմբերի 19-ին
  • Թռիչքի հեռավորությունը — 3.298 կմ
  • Թևերի բացվածքը — 42 մ
  • Բեռնատարողությունը — մինչև 37 տոննա
  • Արժողությունը — մոտ 181 մլն ԱՄՆ դոլար (2010 թ․)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *