Թուրքիայի զինուժը հրետակոծել է Սիրիայի հյուսիսում քրդական խմբավորումների դիրքերը

Հուլիսի 14-ին Թուրքիայի զինուժի՝ Քիլիս նահանգում տեղակայված ստորաբաժանումները կրակել են Սիրիայի հյուսիսում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ

Ըստ թուրքական կողմի՝ Թուրքիայի զինուժը կրակել է՝ ի պատասխան քրդական կողմի կրակոցների: Թուրքիայի զինուժը կիրառել է «Ֆըրթընա» և այլ հրետանային համակարգեր:

Քրդական ANF գործակալությունը իր հերթին հայտնում է, որ Թուրքիայի զինուժը առավոտյան ժամերից կրակում է Սիրիայի հյուսիսային Աֆրին և Շահբա շրջաններում քրդաբնակ գյուղերի ուղղությամբ: Ըստ աղբյուրի՝ դրանք արդեն մշտական բնույթ են կրում:

Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի զինուժը հաճախ է համալրում Քիլիս նահանգի ստորաբաժանումները նոր զինտեխնիկայով և զինծառայողներով: Քիլիս նահանգը սահմանակից է Սիրիայի հյուսիսային Աֆրին նահանգին, որը ներկայում մեծամասամբ վերահսկում են Սիրիայի քրդական PYD և YPG խմբավորումները: Թուրքական կողմը քրդական խմբավորումները համարում է «ահաբեկչական կառույցներ» և «սպառնալիք Թուրքիայի անվտանգության համար»:

Վերջին շրջանում թուրքական պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներում  տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Թուրքիան նոր գործողություններ է սկսելու Աֆրինում քրդերի դեմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *