Ռուսաստանի Պետդուման վավերացրել է հայ-ռուսական զորախմբի համաձայնագիրը

Ռուսաստանի Պետական Դուման վավերացրել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին դեռևս 2016թ. նոյեմբերին ստորագրված համաձայնագիրը: Այս մասին հուլիսի 14-ին հայտնում է ՌԴ Պետդումայի կայքը: Համաձայնագիրը կնքվել է 5 տարով և ունի 5 տարին մեկ ավտոմատ երկարաձգելու հնարավորություն:

Համաձայնագիրը երկրները ստորագրել են 2016 թվականի նոյեմբերի 30-ին: Զորախմբի նպատակն է ժամանակին հայտնաբերել երկու կողմերի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստումը և հետ մղել այն՝ երկու կողմերի զինված ուժերի և այլ զորքերի միջոցով:

2017-ի հունիսի 19-ին Ռուսաստանի կառավարությունը հավանության էր արժանացրել միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը:

Զորախմբի մեջ են մտնում ՌԴ ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, իսկ հայկական կողմից՝ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների մի մասը:

ՀՀ պաշտպանության նախարարը 2016թ. նոյեմբերին հայտնել է, որ տարածաշրջանում կայունության պահպանման առումով խնդրահարույց են նաև Ադրբեջանի գործողությունները։ Այդ սպառնալիքները ստիպում են, որպեսզի հայ-ռուսական միացյալ զորախումբն ուշադրության կենտրոնում պահի մի քանի ուղղություն, այդ թվում՝ ոչ միայն «նախկին ԽՍՀՄ սահմաններից դուրս», ինչպես որ ավանդաբար եղել է։

Իսկ ավելի ուշ՝ դեկտեմբերին, նախարարը հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում միացյալ զորախումբն օգտագործել Վրաստանի դեմ:

Միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվում է Հայաստանի և Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատարների համատեղ որոշմամբ: Խաղաղ ժամանակ զորախմբի հրամանատարը ենթակա է ՀՀ ԶՈւ ԳՇ պետին, իսկ սպառնալից կամ պատերազմական իրավիճակներում՝ կամ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարին, կամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ կախված իրավիճակից:

Այս հարցը որոշվելու է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների համաձայնությամբ: Պատերազմական շրջանում զորախմբի բոլոր ուժերն անմիջականորեն ենթակա են միացյալ զորախմբի հրամանատարին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *