Իրանի բանակի ցամաքային ուժերի զինծառայող է զոհվել Սիրիայում

Հուլիսի 11-ին Սիրիայի Հալեպ քաղաքում ահաբեկիչներ դեմ մղած մարտերի ժամանակ զոհվել է Իրանի բանակի ցամաքային ուժերի զինծառայող, կրտսեր լեյտենանտ Մեհդի Ջավադին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Մեհդի Ջավադին

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Մեհդի Ջավադին

Նախքան Սիրիա մեկնելը՝ Ջավադին ծառայել է Իրանի հյուսիսարևելյան Խորասան-է Ռազավի նահանգի Ղուչան քաղաքում։

Իրանը համարվում է Իրաքի և Սիրիայի դաշնակիցը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Սակայն Իրանը մշտապես հերքում է, որ ռազմական ստորաբաժանումներ ունի այս երկրներում և իր օգնությունը որակում է որպես «խորհրդատվական»։ Իսկ Սիրիայում և Իրաքում զոհվող իրանցի մարտիկները, ըստ Իրանի, կամավորներ են։

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ ԻՊ դեմ պայքարի շրջանակներում «Իրանը հոգացել է Սիրիայի կարիքները»։

Մինչ օրս Սիրիայում Իրանի ունեցած կորուստները ավելի շատ են, քան Թուրքիայի և Ռուսաստանի կորուստները միասին վերցրած։ Մարտին Իրանի շահիդների և  վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում մինչև այժմ սպանվել է Իրանի կողմից ուղարկված 2100 մարտիկ։

Սիրիայում և Իրաքում Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը՝ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *