Այս ամառ զորակոչվածները հնարավոր է կարողանան շարունակել ծառայությունը «Ես եմ» ծրագրով

2017 թվականի ամառային զորակոչի զինծառայողները, հնարավոր է, կարողանան ցանկության դեպքում 6 ամիս հետո ծառայությունը շարունակել ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրով: Այս մասին ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարին հայտնել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

«… Որովհետև բոլոր դեպքերում զորակոչիկը վեց ամիս պիտի պատրաստվի ուսումնական ծրագրի շրջանակներում, և այսօրվա զորակոչված զինծառայողները դեռևս վեց ամիս պատրաստվելու են ծառայության ուսումնական զորամասերում, իրենց զորամասերում, նախապատրաստական ստորաբաժանումներում: Եվ այնպես կստացվի, որ հենց առաջին պատրաստված նորակոչիկները կարող են նաև «Ես եմ» ծրագրի շրջանակներում կնքել պայմանագիր», — մանրամասնել է Մովսես Հակոբյանը:

Ըստ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ սա դեռևս պետք է քննարկվի, և եթե օրենսդրական դաշտը հնարավորությունը տա, կիրականացվի: Սակայն ամեն դեպքում այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ դեռևս տարվում են:

Նշենք, որ «Ես եմ» ծրագրով ծառայության ընդհանուր ժամկետը կտևի 3 տարի, որից առաջին 6 ամիսը կլինի ուսումնական զորամասում։ Դրանից հետո՝ հաջորդ 2,5 տարվա ընթացքում զինծառայողը հաջորդաբար կանցկացնի մարտական դիրքերում (2 շաբաթ), զորամասում (1 շաբաթ) և արձակման մեջ (1 շաբաթ)։

Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի նաև շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում (հնարավոր են փոփոխություններ)․

  1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),
  2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),
  3. ուսման վարձի փոխհատուցում:

Մովսես Հակոբյանը նաև հայտնել է, որ ամառային զորակոչի նորակոչիկների շրջանում անցկացվում է հարցում «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերին միանալու պատրաստակամությունն հասկանալու համար:

Ծրագրերը ներկայացվել են ապրիլի վերջին Երևանում անցկացված «Ազգ-բանակ» կրթական համաժողովի ժամանակ: Դրանց մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ և այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *