Գերմանիան սկսել է դուրս բերել իր զորքերը Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից

Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ հուլիսի 9-ին Գերմանիան սկսել է դուրս բերել իր զորքերը Թուրքիայի հարավային Ադանա նահանգում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազայից: Փոխանցում է Reuters գործակալությունը:

Ռազմաբազայում տեղակայված գերմանական զորքերը ներգրավված են «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարը ևս հայտարարել է, որ դուրսբերումը սկսելու է հուլիսին և տևելու է մոտ 3 ամիս:

Գերմանիայի զինուժը և «Տոռնադո» կործանիչները տեղափոխվելու են Հորդանանի Ազրակ քաղաքի մոտ տեղակայված «Մուաֆակ Սալտի» ավիաբազա:

Թուրքիայի «Ինջիրլիք» և Հորդանան «Մուավակ Սալտի» ավիաբազաների տեղադրությունը

Թուրքիայի «Ինջիրլիք» և Հորդանան «Մուավակ Սալտի» ավիաբազաների տեղադրությունը

Այս տարվա հունիսին Գերմանիայի իշխանությունը որոշել է դուրս բերել գերմանական զորքերը «Ինջիրլիք» ռազմաբազայից և տեղափոխել Հորդանան: Սրա պատճառն այն է, որ 2017-ի մայիսին Թուրքիան Գերմանիայի պատգամավորներին չէր թույլատրել այցելել «Ինջիրլիք» ավիաբազայում ծառայություն իրականացնող Գերմանիայի ԶՈւ զինվորականներին:

Հունիսի 5-ին Գերմանիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ գերմանացի պատգամավորները «Ինջիրլիք» ռազմաբազայի փոխարեն կարող են այցելել Քոնիայում տեղակայված ավիաբազա: Հուլիսի 9-ին հայտնի է դարձել, որ Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները հուլիսի 17-ին այցելելու են Քոնիայում ավիաբազայում գտնվող իրենց զինծառայողներին:

Գերմանացի օդաչուները Ինջիրլիք ավիաբազայում. նկարը՝ «Ասոշեյթիդ պրես»-ի, 15/12/2015

Գերմանացի օդաչուները Ինջիրլիք ավիաբազայում. նկարը՝ «Ասոշեյթիդ պրես»-ի, 15/12/2015

Նշենք, որ թուրքական կողմը արգելել էր գերմանացի պատգամավորների այցն «Ինջիրլիք» այն պատճառով, որ Գերմանիան նախնական քաղաքական ապաստան էր տրամադրել Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և նրանց ընտանիքներին, ովքեր մեղադրվում են 2016 թ. հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին ներգրաված լինելու համար:

Ընդ որում՝ սա եզակի դեպք չէ: Թուրքիան Գերմանիայի պատվիրակությանը չէր թույլատրել այցելել Գերմանիայի ԶՈւ զինծառայողներին նաև 2016-ի հուլիսին, ինչն ըստ երևույթին պայմանավորված էր  նրանով, որ նույն տարվա հունիսին Գերմանիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *