ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Սիրիայի ճգնաժամը

Հուլիսի 9-ին պաշտոնական այցով Թուրքիա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և արտգործնախարար Մևլյութ Չավուօղլուին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Թուրքիայի նախագահին և արտգործնախարարին. հուլիս 2017

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Թուրքիայի նախագահին և արտգործնախարարին. հուլիս 2017

Ըստ գործակալության՝ Չավուշօղլուն և Թիլլերսոնը քննարկել են Սիրիայի և Կատարի ճգնաժամին, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Ավելի ուշ Թիլլերսոնին ընդունել է նաև Էրդողանը, սակայն հանդիպման մասին մանրամասներ չեն հրապարակվում: Հանդիպումը մամուլի համար փակ է անցկացվել:

Միջազգային մամուլի տվյալներով՝ այցի նպատակն է եղել մեղմել թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները:

Թուրքիայի և ԱՄՆ հարաբերությունները նախկին նախագահ Բարաք Օբամայի ղեկավարման վերջին շրջանում լարվել էին: Պատճառն այն է, որ ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայի քրդական խմբավորումներին: Թուրքիան հույս ուներ կարգավորել ԱՄՆ հետ հարաբերությունները նախագահ Դոնալդ Թրամփի կառավորության օրոք: Սակայն Թրամփը նույնպես շարունակեց Սիրիայի քրդերին աջակցելու քաղաքականությունը:

Թուրքական կողմը Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորումները դիտում է որպես «Քրդստանի աշխատավորական կուսակցության» սիրիական թև և բնորոշում է «ահաբեկչական կառույցներին»:

արաբաքրդական ուժերը Ռաքքա քաղաքի մատույցներում

արաբաքրդական ուժերը Ռաքքա քաղաքի մատույցներում

Սրա հակառակ, Միացյալ Նահագները աջակցում է Սիրիայի քրդերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Մասնավորապես ԱՄՆ աջակցությամբ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը (SDF), որի կազմում նաև ընդգրկված են YPG ջոկատներ, սկսել է իսլամիստ զինյալներից Սիրիա Ռաքքա քաղաքի ազատագրումը:

Թուրքիայի իշխանությունները բացասական են դիտարկում ԱՄՆ-ի կողմից քրդերին աջակցություն: Թուրքիայի նախագահն էլ մի քանի անգամ մեղադրել է ԱՄՆ-ին «ահաբեկիչներին աջակցելու համար»:

Նշենք, որ մյուս կողմից թուրքական կողմը չի բացառում նոր ռազմական գործողությունների իրականացումը քրդերի դեմ Սիրիայի հյուսիսում: Սակայն գործողությունների իրականացման համար Թուրքիան դրանք պետք է համաձայնեցնի նաև ռուսական և ամերիկյան կողմերի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *