Թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի 4 ուժային, վիրավորվել ևս 5-ը

Հուլիսի 9-ին Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները հարձակվել են ոստիկանական կետի վրա, սպանվել է 2 ոստիկան, վիրավորվել` ևս 1-ը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Բիթլիսում հատուկ գործողություն։ Նկարը՝ Անադոլու լրատական գործակալության. (արխիվ)

Բիթլիսում հատուկ գործողություն։ Նկարը՝ Անադոլու լրատական գործակալության. (արխիվ)

Նույն օրը Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգում՝ Թաթվան-Խիզան ճանապարհի վրա PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարքը պայթել է Բիթլիս նահանգի ժանդարմերիայի զինծառայողների անցման ժամանակ: Սպանվել է 2 զինծառայող, 1 քաղաքացիական էլ վիրավորվել է: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Նույն օրը նմանատիպ մեկ այլ դեպք է գրանցվել Էրզրում նահանգում: Էրզինջան-Էրզրում ավտոճանապարհի վրա պայթյունի հետևանքով վիրավորվել է 3 զինծառայող:

Հուլիսի 9-ին հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում թուրք-քրդական բախումներում հետևանքով վիրավորվել է ևս 1 ոստիկան: Հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը: Ընդհանուր առմամբ, մեկ օրվա ընթացքում սպանվել է Թուրքիայի 4 ուժային, վիրավորվել ևս 5-ը:

2017-ի գարնանից սկսած թուրք-քրդական բախումները կրկին ինտենսիվացել են, ինչի արդյունքում աճել են նաև Թուրքիայի ուժայինների շրջանում կորուստները:

Թուրքիայի ուժայինների և PKK-ի միջև բախումները սկսվել են դեռևս 2015-ի ամռանը: Արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով ավերվել են Թուրքիայի արևելյան և հարավարևելյան մի շարք նահանգներ:

Ամենաշատ ավերվածությունները տեղի են ունեցել Շրնաք, Հաքքարի, Դիարբեքիր, Մարդին նահանգներում: Թուրքական թերթերից մեկի տվյալներով՝ Շրնաք նահանգի վարչական կենտրոնի շինությունների գրեթե 70 տոկոսը ավերվել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *