ՊԲ-ում զորավարժություն է անցկացվել առաջնագծի վերականգնման սցենարով

ՊԲ զորամասերից մեկն անցկացրել է գումարտակային մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական կրակով։ Զորավարժության մտահաղացումը թեմատիկ առումով բխել է զորամասի մարտական խնդրի էությունից։ Այս մասին հայտնի է դարձել ՊԲ «Գոյամարտ» հաղորդաշարի հերթական թողարկումից։

ՊԲ գումարտակային զորվարժությունը ուղեկցվել է մարտական հրաձգությամբ

ՊԲ գումարտակային զորավարժությունը ուղեկցվել է մարտական հրաձգությամբ

Հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում ուժեղացված մոտոհրաձգային գումարտակը զբաղեցրել է կենտրոնացման նախորոշված կրակային բնագծերը, ապա կասեցրել է պայմանական հակառակորդի գրոհը։ Հակահարձակման անցնելով՝ հայկական ստորաբաժանումը վերականգնել է առաջնագիծն ու առավել նպաստավոր բնագծերում անցել է պաշտպանության։

«Զորավարժության ընթացքում անձնակազմի առջև նպատակ է դրվել, որպեսզի սրընթաց գրոհով կարողանան ճնշել հակառակորդի նախահարձակ գործողությունները, նրան հասցնեն մաքսիմալ կորուստներ և ետ շպրտեն նրանց ելման դիրքերը՝ վերականգնելով մեր առաջնային դիրքերը։ Նպատակներից մեկը եղել է անձնակազմի համար մարտի ընթացքում լարված իրավիճակ ստեղծելը՝ և հոգեբանական, և ֆիզիկական առումով պատրաստելով  մեր զինվորներին, զինծառայողներին հետագա գործողությունների համար», — հայտնել է զորամասի շտաբի պետը։

Նշվում է, որ զինծառայողները հնարավորություն են ստացել առավել հստակ պատկերացնելու այն անելիքները, որոնք պետք է իրականացնեն հավանական մարտական գործողությունների վերսկսման դեպքում։

Զորավարժության ընթացքում ուշադրություն է դարձվել կապի և ղեկավաման համակարգերին, ստորաբաժանումների և զորատեսակների փոխգործակցությունը, հրամանատարության կողմից ընդունված որոշումների իրատեսականությանը, անձնակազմի կատարողական կարգապահությանը։

Տեսանյութում երևում է, որ զորավարժությանը կիրառվել են հետևակի մարտական մեքենաներ, ՌՊԳ-7 նռնականետներ, դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *