Իրանում ձերբակալվել է «Իսլամական պետության» 20-ից ավելի զինյալ

Իրանի «Իմամ է զաման» ռազմական հետախուզության ուժերը երկրի հյուսիսարևելյան Խորասան-է Ռազավի նահանգի Մաշհադ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 21 զինյալի են ձերբակալել: Այս մասին հուլիսի 6-ին հայտնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Ձերբակալվածների մի մասը իրանցիներ են եղել, մի մասը՝ աֆղանցիներ, ովքեր ԻՊ մոտ պատրաստություն անցնելուց հետո կեղծ փաստաթղթերով ներթափանցել են Իրան:

Զինյալները Իրանի տարածքում ահաբեկչական տարբեր գործողություններ էին նախատեսել:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ՝ հունիսի 7-ին, Իրանի մայրաքաղաք Թեհրանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իրականացրել էր 2 ահաբեկչական հարձակում, ինչի հետևանքով սպանվել էր 18, վիրավորվել՝ 50-ից ավելի մարդ։ Ահաբեկիչներին աջակցելու և ուղղորդելու համար Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային։

Ահաբեկչական հարձակումներից հետո Իրանը խստացրել է երկրի անվտանգության հսկողությունը և գործի դնելով բոլոր ուժային կառույցները՝ ահաբեկիչների «որս» է սկսել։ Ահաբեկիչները հայտնաբերվում են հիմնականում երկրի հյուսիսարևմտյան և հարավարևելյան նահանգներում։ Միայն արևմտյան Քերմանշահ նահանգում ձերբակալվել է արդեն 50-ից ավելի ահաբեկիչ, իսկ հյուսիսարևմտյան Արևմտյան Ազարբայջան նահանգում՝ 40-ից ավելի ահաբեկիչ։

Իսկ հունիսի 18-ին, ի պատասխան Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին: Հրթիռային հարվածներից, ըստ ԻՀՊԿ հայտարարության, սպանվել է 170-ից ավելի ահաբեկիչ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *