Թուրք-քրդական բախումների հետևանքով ավերվել է Թուրքիայի Շրնաք քաղաքի 70 տոկոսը

Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների միջև 2015-ին սկսված և շուրջ 2 տարի շարունակվող բախումների արդյունքում ավերվել է Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի համանուն քաղաքի շենքերի գրեթե 70 տոկոսը: Այս մասին հուլիսի 7-ին հայտնում է թուրքական «Gazete karinca» թերթի կայքը:

Թուրք-քրդական բախումների հետևանքով Թուրքիայի հարավարևելյան Շրնաք քաղաքի ավերված շինությունների պատկերը 2015-2017թթ.

Թուրք-քրդական բախումների հետևանքով Թուրքիայի հարավարևելյան Շրնաք քաղաքի ավերված շինությունների պատկերը 2015-2017թթ.

Ըստ թերթի՝ ավերվածությունների մեծ մասը տեղի է ունեցել 2016-ի մարտի 14-ից մինչև 2016-ի նոյեմբերի 14-ը ընկած հատվածում, երբ Շրնաք քաղաքում «փողոց դուրս չգալու» արգելք էր հայտարարվել, և Թուրքիայի ուժայինները գործողություններ էին իրականացնում քրդերի դեմ:

Տների մեծ մասը ավերվել է տանկերի և հրետանու կրակոցների պատճառով: Թուրքիայի հանրային աշխատանքների և բնակարանաշինության նախարարության աշխատակիցները, ոստիկանները և Շրնաքի քաղաքապետարանի աշխատակիցները պահանջել են, որ դեռևս կանգուն մնացած տների բնակիչները ևս հեռանան իրենց տներից:

Մյուս կողմից, դեռևս այս տարվա ապրիլին տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Թուրքիայի հանրային աշխատանքների և բնակարանաշինության նախարարությունը և Թուրքիայի կառավարության բնակարանաշինության վարչությունը (TOKİ) համատեղ նախագիծ են մշակել, որով նախատեսվում է վերակառուցել Շրնաք նահանգի վարչական կենտրոնի և նահանգի Սիլոփի, Ջիզրե և Իդիլ գավառների ավերված շինությունները: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Ըստ աղբյուրի՝ Շրնաքում կառուցվելիք շենքերի թիվը հետևյալն է.

  • Շրնաքի վարչական կենտրոն (Շրնաք քաղաք) — 7.500
  • Ջիզրե գավառ — 3.550
  • Իդիլ գավառ — 600
  • Սիլոփի — 850
  • Ընդհանուր — 12.500

Պարբերականի տվյալներով` Շրնաք նահանգում բախումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին 309 միլիոն (մոտ 85.4 միլիոն ամերիկյան դոլար) թուրքական լիրա օգնություն է տրամադրվել:

Դեռևս 2016-ի սեպտեմբերին Թուրքիայի կառավարությունը հայտարարել է հարավարևելյան նահանգներում վերականգնողական աշխատանքների իրականացման ծրագրի մասին: Ծրագրի համաձայն` Թուրքիայի իշխանությունները 21 միլիարդ ամերիկյան դոլլար են հատկացնելու հարավ-արևելքում ավերված շինությունների, ենթակառուցվածքների վերականգման համար:

Թուրքիայի ուժայինները հարավարևելյան Մարդին նահանգում

Թուրքիայի ուժայինները հարավարևելյան Մարդին նահանգում

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ Թուրքիայի հարավ-արևելքում տիրող իրավիճակի և մարդու իրավունքների մասին 2017-ի մարտին հրապարակված զեկույցում նշվում է, որ ամենաշատ վնասները կրել են Մարդին նահանգի Նուսայբին, Դերիք, Դարգեչիթ գավառները, Դիարբեքիր նահանգի Սուր, Բիսմիլ, Դիջլե և Շրնաք նահանգի Ջիզրե, Սիլոփի գավառները:

Զեկույցում նաև նշվում է, որ 2015-ի հուլիսից մինչև 2016-ի դեկտեմբեր Թուրքիայի հարավարելյան նահանգներից տեղահանվել է 350 հազարից մինչև 500 հազար բնակիչ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *