Իրանի ռազմանավերը կրկին տեղակայվել են Սուդանում

Դեկտեմբերի 8-ին Իրանի Ջամարան ֆրեգատը և Բուշեհր աջակցման նավը ժամանել են Սուդան, հաղորդում է CNN-ը:

Նավերը հանգրվանել են Կարմիր ծովի ափին գտնվող Պորտ-Սուդան նավահանգստում։

Սուդանի ԶՈՒ խոսնակ՝ գնդապետ Խալիդ Սադ ալ-Սավարմին ասել է, որ նավերն այցելել են երկու բարեկամ պետությունների համատեղ զորավարժությանը մասնակցելու և նավահանգիստն ու շրջակա տարածքը վերահսկելու համար։ Իսկ Սուդանի նավատորմի հրամանատար Աբդուլա ալ-Մաթարին կոչ է արել զարգացնել ռազմական կապերը Իրանի հետ և ավելացրել, որ ծովային անվտանգության ստեղծումը առաջնային խնդիր է երկու պետությունների համար:

Միաժամանակ սուդանական ընդդիմադիր «Հուրիեթ Սուդան» թերթի, ինչպես նաև Սուդանի «Արդարություն և Հավասարություն» ապստամբական շարժման տարածած տեղեկյություններով, Իրանի հետ համաձայնություն է ձեռք բերվել Կարմիր ծովի սուդանական ափին իրանական ռազմածովային բազա հիմնելու շուրջ։

Այդպիսի բազա հիմնելով` Իրանը կկարողանա հսկել Կարմիր ծովը և Ադենի ծոցը։ Այս տեղեկությունները մտահոգում են նաև Թել-Ավիվին։ Իսրայելական «Երուսաղեմ Փոստ» լրատվակայքն Իրանին մեղադրել է Գազայի հատված ծովով զենք և զինամթերք փոխդրելու մեջ և հենց դրանով է պայմանավորել Իրանի այդ տարածքը վերահսկելու ցանկությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Իրանի «Շահիդ Նաքդի» ականակիրը և «Հարք» ռազմանավը՝ 4 օրով տեղակայվել էին նույն նավահանգստում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *