Ադրբեջանցի պաշտոնյան հաստատել է երկրի բանակում Heron ԱԹՍ-ի առկայությանը

Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարի խորհրդականը հայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն օգտագործում է իսրայելական արտադրության Heron անօդաչու թռչող սարք: Ադրբեջանի ԶՈւ-ում ԱԹՍ-ի առկայության մասին սա առաջին պաշտոնական հայտարարությունն էր:

Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարի խորհրդական Ազադ Մամեդովը բրիտանական հեղինակավոր Jane’s ռազմական հանդեսի հետ հարցազրույցում անդրադարձել էր երկրի ռազմարդյունաբերության աշխատանքին, փոխանցում է ռուսաստանյան ЦАМТО կենտրոնի կայքը:

Խոսելով ԱԹՍ-ներից՝ Մամեդովը նշել էր, որ իսրայելական մյուս ԱԹՍ-ների հետ օգտագործվում է նաև Heron ԱԹՍ-ն: Ադրբեջանի կողմից Heron սարքերի ձեռքբերման մասին նախկինում եղել են միայն չհաստատված տեղեկություններ:

Ենթադրաբար հենց Heron ԱԹՍ-ի այս տարվա հունիսի 7-ին երևացել էր նաև Ադրբեջանի ՊՆ տարածած լուսանկարներից մեկում:

Ադրբեջանի ՊՆ հրապարակած նկարում երևացող սարքի համեմատությունը Heron RPA և Super Heron ԱԹՍ-ների հետ

Ադրբեջանի ՊՆ հրապարակած նկարում երևացող սարքի համեմատությունը Heron RPA և Super Heron ԱԹՍ-ների հետ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել էր երկրի ռազմաօդային ուժերի ուսումնական կենտրոն: Այցից հրապարակված լուսանկարներից մեկում երևում է ԱԹՍ-ի մի հատված, որը շատ նման է իսրայելական արտադրության Heron ընտանիքի անօդաչու թռչող սարքերին:

Նկարում երևացող ԱԹՍ-ն նման է Heron ընտանիքի Heron RPA և Super Heron ԱԹՍ-ներին: Վերջինը, սակայն, Իսրայելը առաջին անգամ ներկայացրել էր 2014-ին, և հավանականությունը քիչ է, որ հենց այդ տարբերակն են վաճառել Ադրբեջանին: Ուստի, ամենայն հավանականությամբ, երևացող ԱԹՍ-ն հենց Heron RPA է:

Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տվյալների համաձայն՝ Ադրբեջանը 2012-ին Իսրայելից ձեռք է բերել 16 սարքի արտոնագրային հավաքման թույլտվություն` 300 մլն դոլարով։ Նույն աղբյուրի համաձայն՝ սարքերն արտադրվել են 2013-2016թթ. ընթացքում, ամեն տարի՝ 4 միավոր։

Սակայն SIPRI-ի տվյալների համաձայն՝ Ադրբեջանն ընդհանուր գնել է 5 Heron անօդաչու թռչող սարք։ Գործարքը կնքվել է 2011-ին, մատակարարումն ավարտվել՝ 2013-ին:

Բնութագրեր Heron RPA Super Heron
Թռիչքի առավ. արագությունը (կմ/ժ) 180 277
Առավ. բարձրություն (կմ) 10 9
Առավ. տևողություն (ժամ) 24 45

ԱԹՍ-ներն արտադրում է իսրայելական Israel Aerospace Industries ընկերությունը: Սարքերը նախատեսված են հետախուզական տվյալների հավաքման և փոխանցման համար: Դրանց տարբերակներ առկա են Իսրայելի, ԱՄՆ, Թուրքիայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Հարավային Կորեայի, Կանադայի և մի քանի այլ երկրների ԶՈւ սպառազինության մեջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *