Ս-300 համակարգերն արդեն մարտական հերթապահության են անցել Իրանում

Իրանի՝ Ռուսաստանից գնած Ս-300 զենիթահրթիռային համալիրները արդեն մարտական հերթապահություն են իրականացնում։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի «Խաթեմ ալ-Անբիա» ՀՕՊ ստորաբաժանման հրամանատար Ֆարզադ Էսմայիլին։ Հուլիսի 5-ին փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

«Ս-300 ԶՀՀ-ները արդեն տեղակայված են երկրում, և այն օգտագործում ենք», — ասել է Էսմայիլին։

Ս-300 ԶՀՀ-ի փորձարկում Իրանում

Ս-300 ԶՀՀ-ի փորձարկում Իրանում

Իսկ ինչ վերաբերում է իրանական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համակարգերին, ապա դրանք փորձարկում են անցնելու մինչև տարեվերջ (իրանական օրացույցով մինչև 2018-ի մարտի 21), ինչից հետո նոր կինտեգրվեն ՀՕՊ ընդհանուր համակարգին։

Հիշեցնենք, որ 2016-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ավարտել է Ս-300 ԶՀՀ-ների մատակարարումն Իրանին։ Գործարքը արժեցել է շուրջ 1 մլրդ դոլար։ Համակարգերի մի մասը Իրանը ցուցադրել է Իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի ժամանակ՝ 2016-ի սեպտեմբերին։ Համակարգն Իրանը փորձարկել է 2017-ի մարտին։

«Բավար-373» համակարգն Իրանն առաջին անգամ ներկայացրել է 2016-ի օգոստոսին։ Իրանական կողմը մանրամասներ չի տրամադրել ՀՕՊ համակարգերի մասին: Հայտնի է, որ համակարգի ռադարն իր պարամետրերով նման է ռուսաստանյան Ս-300-ի համակարգին: Իրանական կողմի պնդմամբ՝ մարտավարատեխնիկական բնութագրերով իրենց ստեղծած համակարգը չի զիջում ռուսաստանյան Ս-300-ին:

«Բավար-373» համակարգերի արտադրության աշխատանքները Իրանը սկսել էր դեռևս 2010 թ.՝ այն ներկայացնելով որպես ռուսաստանյան Ս-300 ԶՀՀ-ների համարժեք: Խնդիրն այն է, որ Իրանը այդ ժամանակ միջազգային պատժամիջոցների պատճառով չէր կարողանում նման համակարգեր գնել գնել Ռուսաստանից:

Ավելի վաղ նշվում էր, որ «Բավար-373» ԶՀՀ-ների փորձարկումները կավարտվեն 2017-ի մայիսին։

Իրանական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ի ռադարային համակարգը

Իրանական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ի ռադարային համակարգը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *