Թուրքիայի ՊՆ-ն չի բացառում նոր գործողությունները Սիրիայում

Սիրիայի Աֆրինի շրջանի՝ Թուրքիայի անվտանգության համար մշտական սպառնալիքի վերածվելու դեպքում, Թուրքիան անհրաժեշտ քայլեր կձեռնարկի և չի հապաղի նոր գործողություններ իրականացնել Սիրիայում: Այս մասին հուլիսի 4-ին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը թուրքական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նախարարը հայտարարել է, որ նույնը վերաբերում է նաև Մանբիջին և, եթե այնտեղ գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն առաջանա, Թուրքիան չի հապաղի այդ հարցում:

Հարցազրույցի ընթացքում նախարարը անդրադարձել է նաև Աֆրինում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ զինծառայողների խնդրին:

«Իրականում Աֆրինում ռուս զինծառայողների թվաքանակը շատ չէ: Ներկայում կամաց-կամաց Աֆրինից ռուսական զորքերի դուրս գալու նման իրավիճակ կա, սակայն դեռևս ամբողջությամբ չի հստակեցվել, բայց բանակցությունները շարունակվում են: Ռուսաստանի պաշտպանության նախարարը եկել է, Էրդողանի հետ հանդիպել է, այդ թեմանները մանրամասն քննարկվել են», — ասել է Ֆիքրի Ըշըքը:

Ֆիքրի Ըշըքը նաև հայտարարել է, որ քանի դեռ Թուրքիայի համար Մանբիջից և Աֆրինից սպառնալիք կա, այդ հարցը Թուրքիայի օրակարգից դուրս չի գա: Ըստ նրա՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն խոսք են տվել, որ ապահովելու են Մանբիջից քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորումների դուրսբերումը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ավելացել են նաև թուրք-սիրիական սահմանին միջադեպերի քանակը: Թուրքիայի զինուժը հարվածում է քրդերի դիրքերին՝ հայտարարելով, որ հարվածները իրականացվում են՝ ի պատասխան քրդական կողմի կրակոցների: Քրդերն էլ պնդում են, որ թուրքական կողմն է սկսել կրակելը:

Թուրք-սիրիական սահմանին շարունակվում են բախումները Թուրքիայի զինուժը և Սիրիայի քրդական խմբավորումների միջև

Թուրք-սիրիական սահմանին շարունակվում են բախումները Թուրքիայի զինուժը և Սիրիայի քրդական խմբավորումների միջև

Հունիսի 29-30-ին թուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Թուրքիայի զինուժը 7000 զինծառայողի ներգրավմամբ նոր գործողություններ է սկսելու քրդերի դեմ Սիրիայի Աֆրին շրջանում: Բացի այդ, թուրքական աղբյուրները հայտնում էին, որ ՌԴ ԶՈւ զինծառայողները սկսել են դուրս գալ Աֆրինից, սակայն ռուսաստանյան կողմը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը:

Սիրիայի հյուսիսային շրջանների մեծ մասը ներկայում վերահսկում են Սիրիայի քրդական խմբավորումները: Սրան բացասաբար է վերաբերում Թուրքիան, որը այս քրդական կառույցները համարում է «ահաբեկչական կազմակերպություններ»: Դրան հակառակ, այդ կառույցների հետ է համագործակցում և նրանց զենք ու զինամթերք է ուղարկում ԱՄՆ-ն, ինչը լրացուցիչ լարվածության պատճառ է դարձել թուրք-ամերիկյան հարաբերություններում:

Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տա քրդական պետության ստեղծում թուրք-սիրիական սահմանի երկայնքով: Թուրքական կողմը չսահմանափակվեց միայն հայտարարություններով: 2016-ի օգոստոսին Թուրքիայի զինուժը Սիրիայի հյուսիսում սկսեց «Եփրատի վահան» գործողությունը, որի հիմնական նպատականերից մեկը Սիրիայում հյուսիսում քրդական մի քանի ինքնավար շրջանների միավորման կանխումն էր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *