Սիրիայում Ռուսաստանի զինուժի կիրառումը մեծացրել է զենքի պատվերների ծավալը. Ռոգոզին

Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հաջողությունները ռուսաստանյան ռազմարդյունաբերությանը թույլ են տվել արտահանման գործարքներով վաստակել զգալի գումարներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ, ռազմարդյունաբերական պետական կոմիտեի քարտուղար Դմիտրի Ռոգոզինը:

«Որքան ուզես, կարելի է գնալ տարբեր ցուցահանդեսներ ու բացատրել, որ մեր զենքը լավն է, բայց մեր զենքի գնահատման լավագույն չափանիշը նրա մարտական կիրառումն է, ինչը և եղել է Սիրիայում», — նշել է պաշտոնյան:

Ռոգոզինի խոսքով՝ դրանից հետո Ռուսաստանից ռազմական արտադրանքի և հատկապես մարտական ավիացիայի պատվերների «կտրուկ աճ» է գրանցվել:

ԲՄՊՏ «Տերմինատոր» մարտական մեքենան Սիրիայի ռուսական բազայում ներկայացվում է Սիրիայի նախագահին

ԲՄՊՏ «Տերմինատոր» մարտական մեքենան Սիրիայի ռուսական բազայում ներկայացվում է Սիրիայի նախագահին

Պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանի զինուժի գործողությունների ընթացքում զորքերին ուղեկցել են նաև ռազմարդյունաբերության մասնագետները, որոնք հետևել են սպառազինության աշխատանքին՝ դրա թերությունները բացահայտելու համար:

«Ուսումնասիրվում է յուրաքանչյուր գործողությունը, դիտարկվում է սպառազինության և զինտեխնիկայի կիրառման [հնարավոր] ամենավատ սցենարների և պայմանների տեսանկյունից … Արդյունքում մեր զինվորականների բոլոր դիտողությունները հաշվի են առնվել օպերատիվ ռեժիմում», — նշել է ռուսաստանյան ռազմարդյունաբերության պատասխանատուն:

Սիրիայի հակամարտության թատերաբեմը որպես սպառազինության փորձարկման հարթակ օգտագործելու Ռուսաստանի գործողությունների մասին առաջին անգամ չէ, որ հայտարարվում է:

Դեռևս 2016 թ տարեվերջին Սիրիայում ՌԴ ԶՈւ գործողությունների մասին նախագահին զեկուցելիս Ռուսաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ Սիրիայում գործողությունների ընթացքում փորձարկվել է 162 տեսակի սպառազինություն:

Նույն կերպ են վարվում նաև Թուրքիան և Իրանը, որոնք նույնպես ստորաբաժանումներ ունեն Սիրիայում: Օրեր առաջ Իրանն այդպես փորձարկեց նաև իր «Զոլֆաղար» հրթիռները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *